Թվային փոխակերպում ու կիբերանվտանգություն. Ո՞ւր է գնում աշխարհն ու որտե՞ղ է Հայաստանը
InTech Armenia 2023 «From Trend to Standard: Digitalization as a Key Development Factor» տեխնոֆորումին ոլորտի առաջատարները փորձեցին գտնել գործող բիզնեսների վերափոխման և ապագային նախապատրաստվելու բանաձևը: Ֆորումը նվիրված էր թվային փոխակերպմանը, և դրա ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչքանով է բիզնեսը պատրաստ անցմանը, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի այն լինի հնարավորինս անցնցում։
Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նման ֆորումներում տեսնում է մի քանի հնարավորություն, որոնք կարելի է օգտագործել․
«Նման հանդիպումներն առաջին հերթին լավ հնարավորություն են նոր կապերի, ծանոթությունների ու փորձի փոխանակման համար։ Սովորաբար սխալները բոլորի մոտ նույնն են, ու հենց փորձի փոխանակումն է, որ թույլ է տալիս չկրկնել նույն սխալները»,- ասում է Շավարշ Ոսկանյանը:
Ի վերջո, ի՞նչ է կատարվում աշխարհում և որտե՞ղ է Հայաստանն այդ իրադարձությունների ֆոնին։ Noventiq Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանն անդրադարձավ արհեստական բանականության միտումներին ու բիզնեսում դրանք կիրառելու անհրաժեշտությանը։
«Ֆորումի նպատակն է համաշխարհային տենդեցնեներն ու նորույթները ներկայացնել Հայաստանում ու հայաստանյան բիզնեսին, հասկանալ, թե ինչպես դրանք կարելի է ներմուծել հայկական իրականություն։ Թվային տեխնոլոգիաներն արդեն մտել են յուրաքանչյուրիս կենցաղ, անհրաժեշտ է, որպեսզի դրանք ըստ արժանվույն ներդրվեն նաև բիզնես միջավայրում»,- ասում է նա:
Vonage ընկերության գործընկերների հետ աշխատանքի գծով ավագ մենեջեր Յուլիա Մեդվիդն էլ ընդգծում է, որ ամբողջ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում է արհեստական բանականությունը` հատկապես հաճախորդների սպասարկման ոլորտում։ Եթե մի քանի տարի առաջ խոսում էինք թվայնացման անհրաժեշտությունից, այսօր այն առավել, քան իրական է, ու հիմա խոսում ենք այդ պայմաններում մանևրելու անհրաժեշտությունից։ Նա հավելում է, որ արհեստական բանականությունը փոխել է նաև հաճախորդների պահանջները։ Նրանք այլևս չեն ցանկանում զանգահարել կոնտակտային կենտրոններ ու երկար սպասել պատասխանի։ Իսկ այդ հարցը լուծող գործիքներն արդեն իսկ առկա են:
«Մեր խնդիրն է ստեղծել հնարավորություն, որպեսզի հաճախորդը հեշտ շփվի բիզնեսի հետ: Վստահաբար, շատերն այստեղ գիտեն ChatGPT-ի մասին: Կարծում եմ՝ հենց այսպիսի տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա մեզ առավել մոտ լինել հաճախորդներին»,- ասում է նա։
Շավարշ Ոսկանյանն էլ վստահ է, որ թվային տրանսֆորմացիան թույլ կտա բիզնեսին դուրս չմղվել համաշխարհային մրցավազքից ու պրոդուկտ արտադրողից չվերածվել սպառողի։
«Ամերիաբանկում, օրինակ, ստեղծվել են էկոհամակարգեր, որտեղ հաճախորդները կարող են ծանոթանալ շուկային ու ընտրություն կատարել: Խոսքը տարատեսակ հարթակների մասին է, որոնցից մեկն էլ Estate.ameriabank.am հարթակն է։ Ճիշտ է, հարթակում հնարավոր է նաև հիփոթեք ձևակերպել, սակայն դա ընդամենը գործառույթներից մեկն է։ Այս հարթակում մարդիկ կարող են ծանոթանալ շուկային, առկա առաջարկներին ու, վերջապես, ուղիղ կապի դուրս գալ կառուցապատողի հետ։ Այսինքն, փաստացի, մենք էկոհամակարգ ենք ստեղծում, որտեղ հիպոթեքն ընդամենն առաջարկ է, ոչ թե առաջնային գործառույթ»,- ասում է նա:
Պետք է փաստենք նաև, որ ինչքան փոխվում ու զարգանում են տեխնոլոգիաները, այնքան ավելի ակտուալ է դառնում կիբերանվտանգության խնդիրը։ Նմանատիպ քննարկումների ձևաչափով էլ մասնագետները կիսվում են իրենց փորձով ու միասին փորձում գտնել լուծման նոր տարբերակներ: