«Ամբերդ» կենտրոնը 10 տարեկան է. հրապարակվել է համանուն տեղեկագրի հատընտիրը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տասը տարեկան է, և այս հոբելյանական առիթով ընթերցողին է ներկայացվում է համանուն տեղեկագրի Հատընտիրը՝ նախորդ տարիներին հրապարակված և այսօր արդիականությունը չկորցրած երկու տասնյակ հոդվածներով։
«Տասը տարի առաջ, իմ կողմից հարգելի մարդկանց նախաձեռնությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որն այսօր հանդիսանում է ﬔր ուսումնական հաստատության և տնտեսագիտական հանրույթի գիտական, հետազոտական մտքի կրողն ու յուրօրինակ այցեքարտը»,- պարբերականի այս թողարկման առաջաբանում ընթերցողին է ուղղում իր խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ համալսարանի դասախոսները, ասպիրանտներն ու մագիստրանտները, որպես կենտրոնի փորձագետներ, պահանջված են հանրային տեղեկատվական-մասնագիտական դաշտում, աչքի են ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական արդի հիմնախնդիրների մեկնաբանմամբ և գիտական հենքով լուծումների առաջադրման իրենց ազատ ու անկախ դիրքորոշմամբ:
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը հպարտությամբ է նշում, որ այս տարիների ընթացքում «Ամբերդ» տեղեկագրի էջերում հանդես են եկել ոչ միայն ՀՊՏՀ գիտական շրջանակներին հայտնի անձինք, այլ նաև հանրապետության ու նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող գիտնականներ, որոնց շնորհիվ հանդեսը դարձել է առավել ընթերցվող․ «Հոդվածներում բարձրացվող հարցերի ընդգրկուն շրջանակը և ընթերցողի, ինչպես նաև լրատվական դաշտի շահագրգիռ վերաբերմունքը դրանց մեկնաբանման նկատմամբ, մեզ հուշում են, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով»։
Եվ այսպես, Հատընտիր թողարկման մեջ, որը «հանդեսի կենսագործունեության յուրօրինակ հաշվետվությունն է» (Դ․ Հ․), տեղ են գտել հետևյալ խորագրերը՝ «Հայաստան և աշխարհ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Քաղաքային տնտեսություն», «Շուկաներ և մրցակցություն», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Միջազգային իրավունք», «Հայ հասարակության տեսլականը»։
«Ամբերդ» տեղեկագրի Հատընտիրին ծանոթացեք այստեղ։