2011Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄԵԼ Է 51.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` մարտի 16-ին գումարած հերթական նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Համաձայն հաշվետվության` Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդհանուր փաստացի եկամուտները կազմել են 51147.9 մլն դրամ` ծրագրված (ճշտված) 59724.5 մլն դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով: Տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով:
Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2010 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցել են 2362.8 մլն դրամով, իսկ սեփական եկամուտները 2010 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցել են 10.4%-ով կամ 1259.8 մլն դրամով:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նշել է, որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել, և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են: