ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: «Ուրախ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այդ հարաբերությունները հետագայում ևս զարգացնելու և ամրապնդելու համար»,- ասել Տիգրան Սարգսյանը:
Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է բարեկամական և եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաև Ուկրաինայի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: