ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽԹԱՆԵԼ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր՝ 2006թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։
Կառավարության պարզաբանմամբ՝ հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով, ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։
Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։