ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՎՈՐԻՆ
Այսօր` հուլիսի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012թ. օգոստոսի 10-ից մինչև 2013թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015թ. օգոստոսի 10-ը։
Ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում, որով ձեռք կբերվեն արտասահմանյան առաջադեմ սարքավորումներ, կընդլայնվի տեսականին` կառուցելով շամպայնի արտադրության տեղամաս։
Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում սպասվում է արտադրության ծավալների ավելի քան 30 տոկոս աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատավարձը կկազմի 135 հազար դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գինեգործների ասոցիացիայում նշված նախագծի քննարկումը` նշելով, որ վերջին շրջանում իրականացվում են արտահանմանը միտված գինեգործական խոշոր նախագծեր, ուստի անհրաժեշտ են միասնական ջանքեր հայկական գինու բրենդ ձևավորելու և արտաքին շուկաներում ամրապնդվելու համար։