ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի յոթերորդ նիստը: Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունների ստուգաթերթերի նախագծերը և արժանացել խորհրդի հավանությանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել տրանսպորտի և էներգետիկայի պետական տեսչությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթիկների նախագծերին: Տրանսպորտի պետական տեսչության մասով ներկայացված նախագիծն արժանացել է խորհրդի հավանությանը, սակայն էներգետիկայի պետական տեսչության մասով վարչապետը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել նախագծի որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Խորհրդի հավանությանն արժանացած հիշյալ նախագծերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Խորհուրդը հավանություն է տվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից միջազգային համաձայնագրերով որոշակի պարտավորությունների ստանձնման նախագծին: