ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին:
Փոխվարչապետը նախ եղել է Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի եւ «Արզնու ճյուղ» ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացել աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Զեկուցվել է, որ աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարված է, հիմնական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ծրագրով նախատեսվում է վերականգնել Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի 7,9 կմ եւ «Արզնու ճյուղ» ջրանցքի 9,1 կմ հատվածները:
Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 96 մլն դրամով Պռոշյան համայնքում կառուցվել է նոր` 3,4 կմ երկարությամբ ոռոգման ցանց, ինչը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել լրացուցիչ 180 հա տարածք: Կառուցվել է նաեւ համայնքի նոր թաղամասի 1,2 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, որի համար նույն ծրագրով 24 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին:
Ալափարս համայնքում երրորդ ծրագրով հատկացված 52,8 մլն դրամով կառուցվել է 2,4 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց: Փոխվարչապետին զեկուցվել է, որ նույն ծավալի աշխատանքներ են նախատեսվում նաեւ չորրորդ ծրագրով, որի ավարտից հետո շուրջ 300 հա-ով կավելանան ոռոգելի հողատարածքները եւ անխափան ջրամատակարարում կապահովվի:
Հրազդան քաղաքում Ա. Գեւորգյանն այցելել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված թիվ 12 դպրոց, որը շահագործման է հանձնվել 2008թ. սեպտեմբերին: Ա. Գեւորգյանը ծանոթացել է պայմաններին, շենքի պահպանման հետ կապված հարցեր քննարկել պատասխանատուների հետ: Փոխվարչապետին զեկուցվել է նաեւ քաղաքի թիվ 8, 9, 11 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին. երրորդ եւ չորրորդ ծրագրերով այս դպրոցների նորոգման համար հատկացվել էր համապատասխանաբար 96 մլն, 76 մլն եւ 92 մլն դրամ, երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում չորրորդ ծրագիրն սկսելու համար:
Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում: Քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ եւ չորրորդ ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաեւ ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ մարզում երրորդ ծրագիրը մոտենում է ավարտին, առաջիկայում կմեկնարկեն չորրորդ ծրագրի աշխատանքները: Փոխվարչապետին, մասնավորապես, տեղեկացվել է, որ երրորդ ծրագրով ավարտվել են միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները. բարեկարգվել է Նոր Գեղի- Քարաշամբ 6 կմ հատվածը, ինչպես նաեւ նախկինում գրեթե անանցանելի Արագյուղ-Քարաշամբ` 3,7 կմ ճանապարհը, որոնց համար երրորդ ծրագրով հատկացվել էր համապատասխանաբար 38 եւ 55 մլն դրամ: