ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Գործազրկությունը Ֆրանսիայում հասել է վերջին շուրջ 15 տարվա իր առավելագույն մակարդակին: Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով երկրում որպես գործազուրկ հաշվառվել է 3 մլն 103 հազար մարդ: Ֆրանսիայի Աշխատանքի նախարարության տվյալներով` ընթացիկ տարվա միայն հոկտեմբերին երկրում գործազուրկների թիվն աճել է 45.4 հազարով: Արդյունքում, արդեն 18 ամիս շարունակ Ֆրանսիայի աշխատանքի շուկայում գրանցվում է ընդհանուր իրավիճակի վատթարացում:
Կանխատեսվում է, որ Ֆանսիայի տնտեսության անկայունության խորացման և սպասվող նոր տատանումների ընդհանուր համատեքստում գործազուրկների թիվը կշարունակի աճել:
Ֆրանսիայի Աշխատանքի նախարարությունն ակնկալում է, որ տնտեսության խթանման և զբաղվածության աճի ապահովման ուղղությամբ երկրի նախագահ Ֆրանսուա Օրլանդի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը դրական արդյունք կտան 2013 թվականին: