ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մանրամասնել են քաղաքապետարանի մոտեցումները:
Նշվել է, որ տոնին համահունչ՝ մայրաքաղաքի ինքնատիպ ձևավորման նպատակով այս տարի առաջին անգամ մշակվել է Ամանորի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման հատուկ հայեցակարգ: Երևանի՝ 2013 թվականի ամանորյա խորհրդանիշ է ընտրվել ոսկեգույն հրեշտակը: Խորհրդանշական է նաև տոնական Երևանի այս տարվա հանդերձանքը, ուր կգերիշխեն 2013-ի խորհրդանիշ ջրային օձի գույները՝ կապույտն ու ոսկեգույնը:
Նշվել է նաև, որ 32 մ բարձրություն ունեցող մայր տոնածառն այս տարի զարդարված կլինի ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքերից ու 4500 խաղալիքներից, իսկ մայրաքաղաքի փողոցները, մայթերն ու սիզամարգերը կզարդարեն լուսադիոդային տարբեր կենդանիները, ծառերը, շատրվանները, դեկորատիվ մոմերն ու լուսավորված տնակները: Կլինեն նաև 3D պրոեկցիաներ: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գտնվող որոշ շենքեր կզարդարվեն տոնական հանդերձանքով:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է նաև, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում տոնական տեսք կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հավաստմամբ էլ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներն ամբողջությամբ ավարտուն տեսք կունենան դեկտեմբերի 20-ին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ օրը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր տոնական լույսերը:
Բանախոսները անդրադարձել են նաև Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Ամանորյա լավագույն ձևավորում» անվանակարգով մրցույթին, որի շրջանակում հաղթող ճանաչվածներին կպարգևատրի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: