
МИР քարտերի սպասարկումը դադարեցնելու պատճառով կտուժի Հայաստանի տնտեսությունը. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի բանկերը դադարեցրել են ռուսական МИР քարտերի սպասարկումը։
Զախարովան կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը շոշափելի կորուստներ կունենա, քանի որ Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար փոխանցել ՀՀ-ում բնակվող իրենց ընտանիքներին: Քարտով վճարելու հնարավորությունից կզրկվեն նաեւ ՌԴ-ից ՀՀ մեկնող զբոսաշրջիկները։
«Հիշեցնեմ՝ անցած տարի Ռուսաստանից Հայաստան մեկնած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Նաեւ այլ օրինակներ կան, որ այդ որոշումից, իսկապես, կտուժի Հայաստանի տնտեսությունը։ Համոզված եմ, որ այդ քայլից զերծ մնալն ավելի արդյունավետ կլիներ»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի գրեթե բոլոր բանկերը մարտի 31-ից դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից «Միր» համակարգի նկատմամբ սահմանած պատժամիջոցներով։
Ապրիլի 3-ից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել է նաև Ղրղզստանը։