ԱՅՍ ՏԱՐԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է «ԱՆՍՈՎՈՐ ՀԱՄԵՍՏ»
Այս տարի Սուրբ Ծնունդը Եվրոպայում նշվում է անսովոր համեստ, քան երբևէ: Deloitte-ի հետազոտության համաձայն՝ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, նվերների, հյուրասիրության և տոնական ընդունելությունների վրա կատարվող ծախսերը կրճատվել են շուրջ 1%-ով: Այս տարի եվրոպական միջին վիճակագրական ընտանիքի Սուրբ Ծննդյան տոների բյուջեն կազմում է 591 եվրո, որի 40-60%-ը նախատեսվում է ծախսել երեխաներին նվերներ վրա:
Հատկանշական է, որ «տոնական» բյուջեն առավել զգալի՝ 13-16%-ով, կրճատվել է Պորտուգալիայում և Հունաստանում: «Համեստ» տոներ են անցկացնում նաև Իռլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում և Չեխիայում:
Հետաքրքրիր ևս մեկ փաստ. այս տարի եվրոպացիների «տոնական» երազանքներն ու ցանկությունները ևս փոխվել են: Այժմ Եվրոպայում ամենացանկալի և ամենասպասված նվերը փողն է: Աճել է նաև որպես նվեր սմարթֆոն և պլանշետ-համակարգիչ սպասողների թիվը:
Նշենք, որ անցյալ տարի եվրոպացիների համար ամենասպասված նվերը գիրքն էր: