Քրիստոֆեր Ուոլեր. «Բանկերը վերսահմանային հաշվարկներն ու վճարումները արագացնելու անհրաժեշտություն չունեն»
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամն հայտնել է, որ բանկերի կողմից հաշվարկներն արագացնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ Կենտրոնական բանկերի մեծածախ թվային արժույթից` վերսահմանային վճարումների դիմաց, ստացած օգուտը չափազանցված է:
Քրիստոֆեր Ուոլերը, Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցած Global Fintech Fest կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց, որ բանկային վճարումների ստանդարտ քլիրինգային և հաշվարկային արագությունները լիովին համապատասխանում են շուկայի պահանջներին: Դրանք վարկային հաստատություններին թույլ են տալիս ակտիվորեն հակազդել ահաբեկչության ֆինանսավորմանը և բացահայտել խարդախությունները կամ սխալ վճարումները:
Այնուամենայնիվ, կենտրոնական բանկերի մեծածախ արժույթները (CBDC), որոնք ակնկալվում է, որ կհեշտացնեն վերսահմանային վճարումները թղթակից բանկերի միջոցով, պետք է դիտարկել «միայն հետազոտությունների և փորձարկումների համար»:
Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչը հավելել է, որ կարծում է, որ վերսահմանային գործարքի ոչ բոլոր կողմերն են ցանկանում ավելի արագ վճարումներ: Օրինակ, ցանկացած ֆինանսական գործարքի հիմնական խնդիրն այն է, որ վաճառողը ցանկանում է հնարավորինս արագ ստանալ իր գումարը, իսկ գույքի գնորդը կամ գնորդի միջնորդը սովորաբար ձգտում է հնարավորինս երկար սպասել, հետաձգելով բուն վճարան պահը:
Նախքան վերսահմանային վճարումների արագացմանը դիմելը, բանկային շուկան պետք է կենտրոնանա CBDC-ի ներքին հաշվարկային համակարգերի զարգացման, թվային գործիքների արդյունավետ կառավարման, վերահսկողության և գաղտնիության մեխանիզմների ներդրման վրա: Եթե այս պայմանները չկատարվեն, ապա վերսահմանային վճարումների արագացումը և CBDC-ի միջոցով գլոբալ ցանցերի ստեղծումը կարող է դառնալ ճանապարհ դեպի անորոշություն, եզրափակում է Քրիստոֆեր Ուոլերը:
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։