
Հոնկոնգում վաճառվել է ամենաթանկ առանձնատունը
Հոնկոնգում վաճառվել է ամենաթանկ առանձնատունը։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, առանձնատունը վաճառվել է 1,09 միլիարդ հոնկոնգյան դոլարով (140 մլն ԱՄՆ դոլար), ինչը դարձավ այս քաղաքի բնակելի անշարժ գույքի ամենաբարձր գործարքը 2025 թվականին։
Խոսքը հեղինակավոր The Peak լեռնային շրջանում գտնվող առանձնատան մասին է, որի մակերեսը գերազանցում է 1000 քմ-ն։ Տունն ունի հինգ ննջասենյակ և վերելակ։
Անցած շաբաթ նույն փողոցում վաճառվել էր մեկ այլ առանձնատուն, որը նախկինում պատկանում էր չինացի մագնատ Չեն Հունտյանին։ Դրա արժեքը կազմել է 790 մլն հոնկոնգյան դոլար՝ գրեթե կրկնակի պակաս, քան գնման գինը 2016 թվականին։
Ըստ Midland Realty ընկերության զեկույցի՝ Հոնկոնգի էլիտար անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին ցուցադրում է ակտիվություն։ Գնաճն ու վաճառքների ավելացումը պայմանավորված են ԱՄՆ-ում սպասվող տոկոսադրույքների նվազեցմամբ և Հոնկոնգի ֆինանսական շուկայի վերականգնմամբ։