
Թվային ռուբլին լայնածավալ ներդրման կանցնի 2026-ի սեպտեմբերի 1-ին
Տնտեսագետ Սոֆյա Գլավինան «Փրայմ» գործակալությանը հայտնել է, որ թվային ռուբլու լայնածավալ ներդրումը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն որոշ նախապատրաստական քայլեր կսկսվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը։
2025 թվականի հոկտեմբերի 1-ից կմեկնարկի նախապատրաստական առաջին փուլը․ դաշնային բյուջեի որոշ ծախսային հոդվածներ կիրականացվեն թվային ռուբլու միջոցով։ Այդպիսի հոդվածների ցանկը կհաստատի կառավարությունը՝ Կենտրոնական բանկի հետ միասին։
2026 թվականի հունվարի 1-ից դաշնային բյուջեի բոլոր եկամտային և ծախսային հոդվածները հնարավոր կլինի իրականացնել թվային ռուբլով։ Իսկ 2027 թվականի հուլիսի 1-ից այս մոտեցումը կընդլայնվի նաև տարածաշրջանային բյուջեների վրա։
Խոշոր բանկերի և խոշոր առևտրային ցանցերի համար թվային ռուբլով գործարքների իրականացումը պետք է ապահովված լինի հաջորդ տարվա սեպտեմբերին։ Մնացած բանկերն ու ընկերությունները կմիանան մինչև 2028 թվականի սեպտեմբերը:
Գարնանը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանում թվային ռուբլու մասշտաբային ներդրումը կսկսվի հաջորդ տարի։ Հիշեցնենք՝ հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց համապատասխան օրենքը։