
ԱԺ-ն ընդունել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:
Սեպտեմբերի 9-ին ԱԺ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ նշվել է, որ պետական արտարժութային պարտատոմսերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կատարած ներդրումների դիմաց ստացվող եկամուտների` աղբյուրի մոտ շահութահարկով հարկումը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության արտարժութային պարտատոմսերում ներդրումներ կատարելը, ուստի նախագծով առաջարկվում է պետական արտարժութային պարտատոմսերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կատարած ներդրումների դիմաց ստացվող եկամուտները ազատել շահութահարկից:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ, որի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հատուկ ընթացակարգով կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: