Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը
«Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ: Տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ «Էրեբունի» թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումն ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։
Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մարաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում, շուրջ 30 բեմահարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ՝ ընդգրկուն բազմազանությամբ։ Դասական, ջազ, էստրադա, ռոք, հեղինակային և այլ երաժշտական ելույթների համար այս տարի նույնպես հատկացվել են առանձին բեմեր։ Ազգագրական և ժողովրդական, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերգները ևս հնչելու են մի քանի բեմերից։ Մանկական ներկայացումների հարթակները Կիրովի անվան մանկական զբոսայգում են լինելու, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։
«Էրեբունի-Երևան» տոնակատարություններին արդեն ավանդական դարձած միջոցառումներից բացի, այս տարվա ծրագրում առաջին անգամ ընդգրկվել են տարաբնույթ միջոցառումներ, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակում «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսն է, որին մասնակցելու են «Երևաննախագիծ»-ը և բազմաթիվ ճարտարապետներ, որի շրջանակում կներկայացվեն Երևանում առաջիկայում կառուցվելիք նշանակալից նախագծերը, այդ թվում նաև՝ «Հին Երևան» նախագծի մակետային տարբերակը։
Ծրագրի նորույթներից է նաև «Հին Երևան. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը՝ մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանների սպասասրահներում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը համընկել է Թարգմանչաց տոնին: Այդ կապակցությամբ ծրագրում ներառվել է ևս մեկ միջոցառում ՝ Մատենադարանին հարակից հարթակում:
«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունն ավարտվելու է Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգով։
Սպասվում է, որ 30-ից ավելի պատվիրակություններ կժամանեն 17 երկրից: