Forbes. Իլոն Մասկի 600 մլրդ դոլարը, Քեմերոնը՝ ցուցակում, հարյուրից ավելի երեխաներ՝ մեկ ժառանգության համար
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 600 մլրդ դոլարը: Իսկ չինացի գործարար Սյու Բոյի մոտ ԱՄՆ-ում փոխնակ մայրերից ծնված ավելի քան 100 երեխա է հայտնաբերվել: «Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն էլ Forbes-ի ցուցակում է հայտնվել՝ 1.1 մլրդ դոլար կարողությամբ, իսկ Pershing Square Capital Management հեջ-ֆոնդի հիմնադիր Բիլ Էքմանը 100 հազար դոլար է նվիրաբերել այն մրգավաճառին, որը Սիդնեյում զինաթափել է ահաբեկչին։ Իսկ հիմա այս ամենն առավել մանրամասն.

Իլոն Մասկը հսկայական թռիչք է կատարել տրիլիոնատեր դառնալու ճանապարհին։ Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը ինքն իրեն գնահատել է 800 մլրդ դոլար՝ 2026 թվականին նախատեսվող IPO-ի նախաշեմին։ Դեռևս օգոստոսին ընկերության գնահատականը կազմում էր 400 մլրդ դոլար: Մասկին է պատկանում SpaceX-ի բաժնետոմսերի մոտ 42%-ը, և արդյունքում նոր գնահատմամբ նրա կարողությունն ավելացրել է 168 մլրդ դոլարով՝ հասնելով 677 մլրդ դոլարի: Այս տարի Մասկը հարստանում է ավելի արագ, քան երբևէ, և սա նրա առաջին ռեկորդը չէ․ հոկտեմբերին նա դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գնահատվել է ավելի քան 500 մլրդ դոլար։ Forbes-ի միլիարդատերերի ցուցակում դեռևս ոչ ոք չի մոտեցել այդ նշագծին։ Այս տարվա սեպտեմբերին Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը հասել էր 401.9 մլրդ դոլարի, սակայն դեկտեմբերի 18-ի դրությամբ նվազել է մինչև 227.6 մլրդ դոլար։

Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել է «Տիտանիկ», «Տերմինատոր» և «Ավատար» ֆիլմերը, դարձել է միլիարդատեր։ Դա հնարավոր է դարձել նրա ֆիլմերի հսկայական դրամարկղային հաջողությունների և «Ավատար»-ի երրորդ մասի սպասվող եկամուտների կանխատեսումների շնորհիվ, որի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ընդհանուր առմամբ Քեմերոնի ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են գրեթե 9 մլրդ դոլար, և այդ հաջողությունը աստիճանաբար նրան հասցրել է այն կարողությանը, որը ներկայումս գնահատվում է 1.1 մլրդ դոլար։ 71-ամյա ռեժիսորը մտել է այն նեղ շրջանակի մեջ, որտեղ ընդգրկված են միլիարդատեր կինեմատոգրաֆիստները՝ Ջորջ Լուկասը, Սթիվեն Սփիլբերգը, Փիթեր Ջեքսոնը և Թայլեր Փերին։ Forbes USA-ի տվյալներով՝ միայն ֆրանշիզայի երրորդ մասը՝ «Ավատար․ Կրակ և մոխիր», վարձույթում ակնկալվում է, որ կվաստակի ավելի քան 2 մլրդ դոլար, իսկ Քեմերոնը առաջիկա ամիսներին կստանա մոտ 200 մլն դոլար։

Չինացի գործարար Սյու Բոն ունի ավելի քան 100 երեխա, որոնք ծնվել են ԱՄՆ-ում փոխնակ մայրերի միջոցով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Իսկ South China Morning Post-ը, հղում անելով միլիարդատիրոջ կնոջը, հայտնում է, որ նրա երեխաների թիվն արդեն գերազանցում է 300-ը։ Չինաստանում փոխնակ մայրությունն արգելված է, այդ պատճառով տեղական էլիտայի ներկայացուցիչները մեկնում են Միացյալ Նահանգներ՝ ժառանգներ ունենալու նպատակով։ Սակայն առցանց խաղերի ոլորտում մասնագիտացած Duoyi ընկերության հիմնադիր Սյու Բոն այս հարցում գերազանցել է բոլորին։ Լոս Անջելեսի դատարանի աշխատակիցները նկատել են, որ գործարարի անունը կասկածելիորեն հաճախ է կրկնվում փոխնակ մայրության վերաբերյալ միջնորդություններում։ Դրանցում Սյու Բոն պահանջում է հաստատել ծնողական իրավունքները մի քանի դեռևս չծնված երեխաների նկատմամբ։ 2023 թվականին գործարարը սոցիալական ցանցերում գրել էր, որ հույս ունի ունենալ «50 բարձրակարգ որդի»՝ նշելով, որ բիզնեսի ժառանգության հարցում, իր կարծիքով, տղաները աղջիկներից ավելի հարմար են։ Սյու Բոն ապրում է Չինաստանում, մինչդեռ երեխաները գտնվում են ԱՄՆ-ում՝ դայակների խնամքի ներքո և սպասում են Չինաստան մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերին։

Բիլ Էքմանը 100 հազար դոլար է նվիրաբերել Ահմեդ ալ-Ահմեդին, որը զինաթափել է Սիդնեյի Բոնդայ լողափում կրակոցներ իրականացրած ահաբեկիչներից մեկին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Էքմանը որոշել է պարգևատրել Ահմեդին նրա խիզախության համար այն բանից հետո, երբ տեսել է տեսանյութ, որտեղ 43-ամյա մրգավաճառը պայքարում է հանցագործի դեմ: Սկզբում նա թաքնվում է մեքենայի հետևում, ապա հարձակվում է կրակողի վրա և խլում նրա հրացանը։ Ահաբեկչական հարձակումից կարճ ժամանակ անց Էքմանը սոցիալական ցանցերում գրել է. «Խնդրում եմ, թող որևէ մեկը նրա համար հաստատված հաշիվ ստեղծի, որպեսզի կարողանանք պարգևատրել նրան և նրա ընտանիքին»։ Դրանից հետո GoFundMe հարթակում մեկնարկել է դրամահավաք։ Ահմեդ ալ-Ահմեդի ընտանիքը հայտնել է, որ նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատել են ձեռքի ստացած հրազենային վնասվածքների պատճառով։
