Գրենլանդիայի շուրջ վեճերը խոչընդոտել են Դավոսում Ուկրաինային 800 մլրդ դոլարի ֆինանսական օգնության ծրագրի հաստատմանը
ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի շուրջ ծագած վեճը թույլ չի տվել Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ Դավոսում, ընդունել Ուկրաինային 800 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության ծրագիրը: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
800 միլիարդ դոլարի չափով նախատեսված «բարեկեցության ծրագրի» ներկայացումը, որն այս շաբաթ Դավոսում պետք է համաձայնեցվեր Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև, հետաձգվել է: Այս մասին պարբերականին հայտնել են վեց պաշտոնյաներ։ FT-ի տվյալներով՝ պատճառը եվրոպական երկրների և Վաշինգտոնի միջև խոր տարաձայնություններն են՝ կապված Գրենլանդիայի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ իր գլխավորությամբ ստեղծվելիք Խաղաղության խորհրդի հետ, որը պետք է զբաղվեր Գազայի հատվածում տիրող իրավիճակով և աշխարհի այլ հակամարտություններով։
Պաշտոնյաներից մեկը Financial Times-ին ասել է, որ «եվրոպական մայրաքաղաքները չեն կարող պարզապես անտեսել ԱՄՆ նախագահի գործողությունները Գրենլանդիայի հարցում և միևնույն ժամանակ փորձել առաջ շարժվել Թրամփի հետ կապված այլ հարցերում, օրինակ՝ Ուկրաինայի շուրջ»։
Միևնույն ժամանակ, հրատարակության մեկ այլ աղբյուրի խոսքով՝ «այժմ ոչ ոք տրամադրված չէ Թրամփի հետ համաձայնագրի շուրջ աղմկահարույց ներկայացում կազմակերպել»։ Սակայն, նրա խոսքով, Գրենլանդիայի և Խաղաղության խորհրդի շուրջ սկանդալը «ստվերել է» Ուկրաինային վերաբերող հարցերը։
«Տրամադրությունը փոխվել է։ Թրամփը հատել է սահմանը, և մենք չենք կարող ձևացնել, թե ամեն ինչ ընթանում է սովորականի պես», – ասել է Financial Times-ին ԵՄ բարձրաստիճան, սակայն անանուն դիվանագետը։
FT-ի աղբյուրները նշել են, որ Ուկրաինային օգնության ծրագիրը «մշտապես օրակարգից հանված չէ և դեռ կարող է ստորագրվել ավելի ուշ»։
Վերջին շաբաթներին ԱՄՆ վարչակազմը ակտիվացրել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու ուղղությամբ իր ջանքերը։ Սակայն Դանիայի իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են զիջել այդ կղզին։ Գրենլանդիայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ իրենց չի հետաքրքրում ԱՄՆ-ին միանալը։
