Ոսկու գինը թարմացրել է ռեկորդը՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին
Ոսկու գինն աճում է՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի վերաբերյալ մտահոգությունների պահպանման ֆոնին։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 1.8%-ով՝ հասնելով 4847 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Սա նոր ռեկորդ է։
Միաժամանակ արծաթն էժանանում է 1.15%-ով և առևտուր է իրականացվում 93.55 դոլարով՝ մեկ ունցիայի դիմաց։ Նախօրեին թանկարժեք մետաղը թարմացրել էր պատմական առավելագույնը՝ առևտուրը փակելով մեկ ունցիայի դիմաց 94.636 դոլար մակարդակում։
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է անհապաղ սկսել բանակցություններ Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի օգտագործի ռազմական ուժ կղզին գրավելու համար, որը Վաշինգտոնին անհրաժեշտ է սեփական և միջազգային անվտանգության ապահովման նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր սահմանել նոր մաքսատուրքեր այն եվրոպական երկրների ապրանքների վրա, որոնք հանդես են գալիս Գրենլանդիայի միացման վերաբերյալ նրա ծրագրերին դեմ։ Նման սպառնալիքների ֆոնին Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնել են սառեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։
ICBC Standard Bank-ի հումքային շուկաների գծով ավագ ռազմավար Ջուլիա Դուի խոսքով՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքների սպասվող նվազման և դոլարի թուլացման ֆոնին ոսկու գները կարող են հասնել մինչև 7 150 դոլարի մեկ ունցիայի դիմաց։
