Համաշխարհային բանկ. ՀՀ ամսական տնտեսական զարգացումները՝ 2026թ. փետրվար
Դեկտեմբերին տնտեսական աճն արագացավ մինչև 14,4 տոկոս (տ/տ)՝ տարեկան աճը հասցնելով 9․2 տոկոսի։ ● Ռուսաստանից զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին աճել՝ զուտ տարեկան ներհոսքը ավելացնելով 53 տոկոսով (տ/տ)։ ● Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս՝ հիմնականում պայմանավորված սննդամթերքի գնաճով։ ● 2025 թ․ արտահանումն ու ներմուծումը նվազեցին՝ պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցմամբ, 2020 թվականից ի վեր դառնալով արտահանման և ներմուծման առաջին տարեկան նվազումը։ ● 2025 թվականին գրանցվեց կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 3․8 տոկոսին համարժեք բյուջեի պակասուրդ։
Տնտեսական ակտիվության աճը դեկտեմբերին կտրուկ բարձրացավ՝ կազմելով 14․4 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), նոյեմբերի 11․5 տոկոսի (տ/տ) համեմատ։ Աճը շարունակեցին պայմանավորել արդյունաբերությունը և շինարարությունը։ Արդյունաբերության ծավալներն ընդլայնվեցին 38․6 տոկոսով (տ/տ)՝ 43․3 տոկոսով մշակող արդյունաբերության (մեծ մասամբ հիմնական մետաղների արտադրության) և հանքարդյունաբերության ճյուղում 34․9 տոկոսով աճի տեմպի շարունակական արագացման հաշվին։ Դեկտեմբերին 13 տոկոսով (տ/տ) աճեց նաև էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրությունը, երկու ամիս անընդմեջ անփոփոխ տ/տ աճից հետո։ Շինարարության բարձր աճը շարունակվեց՝ հասնելով 20․5 տոկոսի (տ/տ)։ Ծառայությունների աճը (առանց առևտրի) թուլացով՝ նախորդ ամսվա 11․2 տոկոսի (տ/տ) համեմատ կազմելով 8․2 տոկոս (տ/տ)։ Մեծածախ և մանրածախ առևտրի աճը կրկնապատկվեց՝ կազմելով 3․2 տոկոս (տ/տ), նոյեմբերի 1․5 տոկոսի (տ/տ) համեմատ։ 2025 թ․ աճը հասավ 9․2 տոկոսի (տ/տ), ավելի բարձր, քան 2024 թ․-ին և զգալիորեն գերազանցելով սկզբնական սպասումները։ 2025 թ․ գրանցված բիզնեսների թիվը ավելացավ 6․3 տոկոսով (տ/տ), հիմնականում անհատ ձեռներեցների թվի աճի հաշվին։
Դեկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 14․2 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 37․7 տոկոսով (տ/տ) ավելացմամբ (որը կազմում է ընդհանուրի 52 տոկոսը) և Միացյալ Նահանգներից 9․4 տոկոսով (տ/տ) ներհոսքի ընդլայնմամբ։ 2025 թ․ զուտ ընդհանուր ներհոսքը (714 միլիոն ԱՄՆ դոլար) 53․5 տոկոսով բարձր էր նախորդ տարվա համեմատ՝ 2024 թ․ նվազումից հետո ամրապանդելով վերականգնումը, չնայած դեռևս ցածր էին 2023 թ․ գրանցված 880 միլիոն ԱՄՆ դոլար զուտ ներհոսքից։
Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս (տ/տ)։ Գնաճի երկու երրորդը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների՝ 5․9 տոկոս (տ/տ) գների բարձրացմամբ։ Մնացածը պայմանավորված էր ալկոհոլային խմիչքների՝ 9 տոկոս (տ/տ), առողջապահության՝ 3 տոկոս (տ/տ), տրանսպորտի՝ 4.3 տոկոս (տ/տ) և կրթության՝ 8.3 տոկոս (տ/տ) գնաճով։ Փետրվարի 3-ի իր նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքականության՝ վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքն անփոփոխ՝ 6․50 տոկոս թողեց։
Դեկտեմբերին արտահանման և ներմուծման բարձր աճը շարունակվեց՝ նշանավորելով դրական աճի սոսկ երկրորդ ամիսը 2025 թ․-ին։ Արտահանումն աճեց 34․3 տոկոսով (տ/տ), նոյեմբերին 17․6 տոկոսով բարձրանալուց հետո, իսկ ներմուծումն աճեց 30․4 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով նոյեմբերին 14․9 տոկոսով ցուցանիշի բարձրացմանը։ Սա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման և ներմուծման ծավալների ընդլայնմամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ (բարձրանալով համապատասխանաբար 43.2 տոկոսով, և 56.6 տոկոսով), թեև այս ապրանքների արտահանումը 2025 թ․ դեկտեմբերին 50․2 տոկոսով զիջում էր վերարատահանման կտրուկ բարձրացման ալիքի ընթացքում արձանագրված՝ 2023 թ․ դեկտեմբերի ցուցանիշին։ Նշանակալի աճ է գրանցվել արտահանվող այնպիսի ապրանքատեսակների մասով, ինչպիսիք են՝ պատրաստի սննդամթերքը (աճը ՝ 70․8 տոկոս տ/տ) և հանքանյութերը (աճը ՝ 62 տոկոս տ/տ)՝ ընդհանուր արտահանման մեջ այս երկու ապրանքատեսակների մասնաբաժինը 2024 թ․ 21 տոկոսից 2025 թ․-ին հասցնելով 26 տոկոսի։ Կուտակային արտահայտությամբ, 2025 թ․ արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 36․1 տոկոսով (տ/տ) և 23․6 տոկոսով (տ/տ)՝ երկուսի դեպքում էլ դառնալով առաջին տարեկան անկումը 2020 թ․-ից ի վեր։ 2025 թ․ թանկարժեք մետաղների և քարերի առևտուրը հաշվի չառնելու դեպքում, արտահանումն ավելացավ 8․9 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծումն աճեց 7․5 տոկոսով (տ/տ)։ 2025 թ․ առաջին կիսամյակում 4․1 տոկոսով (տ/տ) նվազելուց հետո, երկրորդ կիսամյակում զբոսաշրջիկների ժամանումներն ավելացան 7․5 տոկոսով (տ/տ)՝ տարեկան աճը հասցնելով 2․5 տոկոսի, ընդ որում նրանց 41 տոկոսը Ռուսաստանից է եկել։
Հունվարին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվեց 0․4 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ): Նախորդ տարվա համեմատ՝ ՀՀ դրամը հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 4․5 տոկոսով (տ/տ), իսկ եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկվեց համապատասխանաբար 8.1 տոկոսով (տ/տ) և 24.2 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստներն աճեցին մոտավորապես 100 միլիոն ԱՄՆ դոլարով՝ հունվարին հասնելով 5․2 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է 4․1 ամսվա ներմուծման ծածկույթի։
Դեկտեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 5․6 տոկոսով (ա/ա), իսկ վարկավորումն ընդլայնվեց 2․6 տոկոսով (ա/ա)։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայուն մնաց՝ կազմելով 17 տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 25․2 տոկոս վարկերի (տ/տ) դեպքում։ Ֆինանսական համակարգի ցուցանիշները կայուն մնացին՝ կապիտալի համարժեքության ցուցանիշը կայունացավ 20․7 տոկոսի, իսկ չաշխատող վարկերը՝ 1․3 տոկոսի մակարդակում։
Դեկտեմբերին պակասուրդը հասավ գնահատված տարեկան ՀՆԱ-ի 1․4 տոկոսին՝ 2025 թ․ պակասուրդը հասցնելով 3․8 տոկոսի՝ բյուջեի տարեկան ծրագրից ցածր մակարդակի։ Դեկտեմբերին ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները անվանական արտահայտությամբ նվազեցին 1.1 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված էր 66 տոկոսով այլ եկամուտների նվազմամբ (տ/տ)։ Հարկային եկամուտները (ներառյալ հիփոթեքային վարկերի հետ կապված եկամտային հարկը) աճեցին 17․3 տոկոսով (տ/տ)՝ ԱԱՀ, եկամտային և շահութահարկերի օգնությամբ, իսկ բնապահպանական հարկերը նվազեցին 17․2 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերը աճեցին 1․5 տոկոսով (տ/տ)։ Ընթացիկ ծախսերն աճեցին 7․1 տոկոսով (տ/տ), ընդ որում աշխատողների վարձատրությունը և տրանսֆերտները աճեցին համապատասխանաբար 15․5 և 24․3 տոկոսով (տ/տ)։ Կապիտալ ծախսերը կրճատվել են 7․7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված պաշտպանական ծախսերի 18․7 տոկոսով նվազմամբ և 2024 թ․ շատ բարձր բազայով։ Կրթությանն ուղղված կապիտալ ծախսերը մասամբ չեզոքացրել են այս անկումը, քանի որ դրանց աճը կազմել է 35․5 տոկոս (տ/տ)։ 2025 թ․ ընդհանուր եկամուտներն աճեցին 11․9 տոկոսով (տ/տ), իսկ ընդհանուր ծախսերը՝ 11․8 տոկոսով (տ/տ)՝ հանգեցնելով գնահատված տարեկան ՀՆԱ-ի 3․8 տոկոսի չափով բյուջեի ընդհանուր պակասուրդի (բարձր 2024 թ․ 3․6 տոկոսից)։
Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվությունը 2025 թ․ դեկտեմբերին բարձրացավ 14․4 տոկոսով (տ/տ)
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Գծապատկեր 2. Ոչ առևտրային դրամական փոխանցումների բարձր աճը պահպանվեց (տ/տ արտահայտությամբ)
(հազար ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Գծապատկեր 3․ 2026 թ․ հունվարին գնաճն բարձրացավ
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Գծապատկեր 4. Ընդհանուր արտահանումը դեկտեմբերին աճեց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հաշվին
(միլիարդ ԱՄՆ դոլար)

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Գծապատկեր 5. 2025 թ․ առաջին կիսամյակի նվազումից հետո 2025 թ․ երկրորդ կիսամյակում զբոսաշրջիկների թիվն աճեց
(զբոսաշրջիկների թիվը)

Աղբյուրը՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտե
Գծապատկեր 6. 2025 թ․ բյուջեի պակասւրդն ավելացավ՝ հասնելով գնահատված տարեկան ՀՆԱ-ի 3.8 տոկոսին (տ/տ)
(միլիարդ ՀՀ դրամ)

Աղբյուրը՝ Ֆինանսների նախարարություն
