Անբարեխիղճ վարքագիծ դրսևորած մի շարք ընկերություններ տուգանվել են
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կայացել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է տուգանք կիրառել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև «Իդեալ Գազ» «Բոնիլատ» և «Nout.am» ընկերությունների նկատմամբ: Տուգանքը կկազմի յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը:
Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով: Օրինախախտ ընկերություններն են «Բի Էյչ Էս» («BHS») հագուստի խանութ- սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով: ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:
Հանձնաժողովից տեղեկանցում են, որ «Բի Էյչ Էս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Լ Օպտիկի» գովազդում մասնավորապես ասվում է. «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»: Նման բովանդակություններով գովազդները ուղղակիորն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում:
Հանձնաժողովից հայտնում են նաև, որ «Nout.am»-ը մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն. «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝ «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես, «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երևի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը: «Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:
Միևնույն ժամանակ, «Իմէքս Գրուպը» խնդրել է արգելել «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից: «Իմէքս Գրուպ» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը ամրագրել է այն փաստը, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինքն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Կաթի փոխարեն՝ թան «Բոնիլատի» տարաներում. Սպառողները դիմում-բողոք են ներկայացրել Հանձնաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:«Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: