Nvidia-ն նախատեսում է պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավել առնվազն 20 մլրդ դոլար
Nvidia-ն նախատեսում է առնվազն 20 միլիարդ դոլար ներգրավել պարտքային արժեթղթերի տեղաբաշխման միջոցով: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Հունիսի 15-ին ընկերությունը համապատասխան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին, սակայն փաստաթղթում ներգրավվող միջոցների ճշգրիտ ծավալը չի բացահայտվում։ Աղբյուրների տվյալներով՝ տեղաբաշխման վերջնական ծավալը կարող է հասնել մոտ 25 միլիարդ դոլարի, քանի որ ավելի վաղ այս տարի ընկերությունը հայտարարել էր նման չափի չապահովված առևտրային արժեթղթեր թողարկելու հնարավորության մասին։
Ներգրավված միջոցները նախատեսվում է օգտագործել ընդհանուր կորպորատիվ նպատակների համար, այդ թվում՝ գործող պարտավորությունների մարման և վերաֆինանսավորման նպատակով։
Ներկայում Nvidia-ի երկարաժամկետ պարտքը կազմում է մոտ 7.5 միլիարդ դոլար, իսկ կարճաժամկետ պարտավորությունները գնահատվում են շուրջ 1 միլիարդ դոլար։
Այս լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը թանկացել են 3.5%-ով, իսկ տարեսկզբից ի վեր դրանց ընդհանուր աճը հասել է 14%-ի։
Մայիսին Nvidia-ն հայտարարել էր կապիտալի վերադարձի լայնածավալ ծրագրի մասին՝ մեկ բաժնետոմսի դիմաց շահաբաժինը բարձրացնելով մինչև 25 ցենտ և նախատեսելով 80 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման ծրագիր։
Վերջին ֆինանսական հաշվետվության ընթացքում ընկերության ներկայացուցիչները վերահաստատել են այս տարի ազատ դրամական հոսքերի մոտ 50%-ը բաժնետերերին վերադարձնելու մտադրությունը։ Անցած եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 49 միլիարդ դոլար։
Պարտատոմսերի ընթացիկ տեղաբաշխումը կլինի Nvidia-ի առաջին նման գործարքը արհեստական բանականության բումի մեկնարկից հետո, որի հիմնական խթանը դարձավ ChatGPT-ի գործարկումը 2022 թվականի վերջում։
Nvidia-ի նախորդ մուտքը պարտքային շուկա տեղի էր ունեցել 2021 թվականին, երբ ընկերությանը հաջողվել էր ներգրավել 5 միլիարդ դոլար։
Այդ ժամանակից ի վեր՝ կորպորացիայի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են. եկամուտները 2022 ֆինանսական տարվա 27 միլիարդ դոլարից աճել են մինչև 216 միլիարդ դոլար՝ 2026 ֆինանսական տարում։
Այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ նույնպես ակտիվորեն ներգրավում են կապիտալ։ Ավելի վաղ Alphabet-ը հայտարարել էր 85 միլիարդ դոլարի արժեթղթերի տեղաբաշխման մասին, իսկ Amazon-ը թողարկել էր 54 միլիարդ դոլարի պարտատոմսեր։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

