Great Wall Motor-ը մինչև 2030 թվականը նախատեսում է զբաղեցնել եվրոպական ավտոշուկայի մինչև 5%-ը
Չինական ավտոարտադրող Great Wall Motor (GWM)-ը նպատակ ունի մինչև 2030 թվականը զբաղեցնել եվրոպական ավտոշուկայի 3-5%-ը։ Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է առաջիկա երկու տարվա ընթացքում եվրոպական շուկա ներկայացնել առնվազն 10 նոր մոդել՝ կոմպակտ ավտոմեքենաներից մինչև խոշոր ամենագնացներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին։
GWM-ը դարձել էր առաջին չինական ավտոարտադրողներից մեկը, որը տասնամյակի սկզբին մուտք գործեց եվրոպական շուկա։ Սակայն սկզբնական ռազմավարությունը, որը հիմնականում հիմնված էր էլեկտրամոբիլների վաճառքի վրա, բախվեց դժվարությունների՝ բարձր մրցակցության պատճառով։
Այժմ ընկերությունը վերանայում է իր մոտեցումը և ընդլայնում ներկայությունը տարածաշրջանում։ Ներկայում GWM-ի ավտոմեքենաները վաճառվում են Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում տեղական ներմուծողների միջոցով, իսկ Իտալիայում և Իսպանիայում ընկերությունն արդեն գործունեություն է ծավալում սեփական դուստր կառույցների միջոցով:
Ընկերությունն այժմ եվրոպական շուկա է ներկայացնում Ora 5 կոմպակտ քաղաքային քրոսովերը, որը հասանելի կլինի բենզինային, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական տարբերակներով։ Մոդելի մեկնարկային գինը կազմում է 26 950 եվրո։
Մինչև տարեվերջ GWM-ը նախատեսում է Եվրոպայում ներկայացնել նաև Haval H7 և Tank 300 ամենագնացները, Jolion Max քրոսովերը, Wey մինիվենը, ինչպես նաև լիաչափ պիկապ։ Հետագայում եվրոպական մոդելային շարքը կհամալրվի նաև հեչբեքով և ունիվերսալով։
Աղբյուրի տեղեկություններով՝ ընկերությունը մտադիր է զբաղեցնել Իտալիայի ավտոշուկայի շուրջ 5%-ը։ Ընդլայնման հաջորդ փուլը նախատեսված է արդեն օգոստոսին, երբ GWM-ը մուտք կգործի Լեհաստանի շուկա, իսկ հետագայում կշարունակի ընդլայնել իր ներկայությունը ամբողջ Եվրոպայում։
Ընկերությունում եվրոպական շուկան գնահատում են որպես ռազմավարական նշանակության և չեն բացառում, որ երկարաժամկետ հեռանկարում կսկսեն արտադրել մոդելներ, որոնք հատուկ կմշակվեն եվրոպացի գնորդների նախասիրությունները հաշվի առնելով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական ավտոարտադրողները կենտրոնացել են արտաքին շուկաների վրա․ առաջին անգամ BYD-ի և Great Wall Motor-ի արտասահմանյան վաճառքների ծավալը գերազանցել է Չինաստանի ներքին շուկայում գրանցված վաճառքները։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

