Եվրոպական ավտոարդյունաբերությունը չինական գործընկերներ է ներգրավում գործարանները փրկելու համար
Financial Times-ը հայտնում է եվրոպական ավտոհսկաների նոր ռազմավարության մասին՝ չինական մրցակիցների ներգրավում համատեղ արտադրության համար։ Fiat-ի Կասինոյի գործարանը վերջին վեց ամսում արտադրել է ընդամենը 6.7 հազար ավտոմեքենա, իսկ Stellantis-ը գործընկեր է փնտրում նաև Maserati ապրանքանիշի վերակենդանացման համար։
Եվրոպական ավտոարդյունաբերությունը փրկության ոչ ստանդարտ ուղիներ է որոնում։ Ավտոարտադրողներն ավելի ու ավելի հաճախ են ներգրավում չինական գործընկերների՝ արտադրական գծերը ծանրաբեռնելու և վնասաբեր ձեռնարկություններին աջակցելու նպատակով։ Այս միտման մասին գրում է Financial Times-ը։
Ռիսկի գոտում է հայտնվել, մասնավորապես, Fiat-ի գործարանը Կասինոյում, որը գտնվում է Հռոմից մոտ 130 կմ հարավ-արևելք։ Տարածաշրջանի տնտեսության նախկին շարժիչ ուժը ներկայումս աշխատում է ամսվա ընթացքում ընդամենը մի քանի օր։ 2026 թվականի առաջին կիսամյակում գործարանից դուրս է եկել միայն 6.7 հազար ավտոմեքենա, մինչդեռ դրա տարեկան արտադրական հզորությունը կազմում է 300 հազար մեքենա։
Fiat-ի աշխատակիցները ենթադրում են, որ ապրանքանիշի սեփականատեր Stellantis-ը Կասինոյի գործարանի խնդիրը կփորձի լուծել Չինաստանի հետ համագործակցության միջոցով։
Նման մոտեցումն արդեն կիրառվել է։ Վերջերս Իսպանիայում և Ֆրանսիայում կնքվել են համաձայնագրեր Leapmotor և Dongfeng Motor ընկերությունների հետ, որոնք հնարավորություն են ստացել իրենց մոդելները հավաքել տեղական գործարաններում։
Հրապարակման համաձայն՝ եվրոպական ավտոհսկաներն ավելի հաճախ են օգնության կանչում չինական մրցակիցներին, այդ թվում՝ համատեղ հավաքման գծեր կազմակերպելու համար։ Սա թույլ է տալիս խուսափել այն ֆինանսական կորուստներից, որոնք անխուսափելի կլինեին գործարանների ամբողջական փակման դեպքում։
«Սա պարզապես գոյատևելու և նոր մրցակիցներին հասնելու միջոց չէ, այլ նաև Եվրոպայում արտադրության ծավալներն ու աճը մեծացնելու հնարավորություն», – Financial Times-ին ասել է Stellantis-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը՝ մեկնաբանելով չինական ընկերությունների հետ գործընկերությունը։
Նրա խոսքով՝ Կասինոյի գործարանի վերաբերյալ որոշումը կընդունվի մինչև տարեվերջ։ Միաժամանակ ընկերությունը գործընկեր է փնտրում նաև խնդիրների առջև կանգնած Maserati ապրանքանիշի վերակենդանացման համար, և ամենահավանական տարբերակը համարվում է համագործակցությունը չինական ավտոմոբիլային խմբի հետ։
Եվրոպայում իրավիճակն անդառնալիորեն փոխվել է: Եվրոպական ավտոարդյունաբերությունն ապահովում է ԵՄ երկրների ՀՆԱ-ի մոտ 7%-ը և ստեղծում գրեթե 14 միլիոն աշխատատեղ։ Սակայն ոլորտում արտադրական հզորությունների օգտագործման մակարդակն այժմ չի հասնում նույնիսկ 60%-ի։
Վտանգի տակ է գտնվում մոտ 2.5 միլիոն ավտոմեքենայի արտադրությունը, իսկ տարածաշրջանում վաճառքները դեռևս գրեթե 3 միլիոն մեքենայով զիջում են համավարակից առաջ գրանցված ցուցանիշներին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

