Չինական ավտոմեքենաների վաճառքները կտրուկ աճում են ամենուր՝ բացի Չինաստանից
Չինաստանի ավտոմոբիլային արդյունաբերությունն արագորեն ավելացնում է արտասահմանյան վաճառքները՝ ակտիվորեն նվաճելով Եվրոպայից մինչև Հարավարևելյան Ասիա շուկաները և ավելի ու ավելի մեծ ճնշում գործադրելով վաղուց հաստատված ավտոարտադրողների, այդ թվում՝ Toyota Motor-ի և Volkswagen-ի վրա։ Սակայն, ինչպես գրում է Reuters-ը, հենց Չինաստանի ներսում իրավիճակը բոլորովին այլ է․ ավտոմեքենաների վաճառքները նախորդ տարվա վերջից շարունակաբար նվազում են։
Ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանում ավտոմեքենաների վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 մլն միավորով՝ գրանցելով 20% անկում։
Ինչպես պարզաբանում է Reuters-ը, դա համադրելի է աշխարհի ավտոմոբիլային շուկայի ծավալով չորրորդ երկիր հանդիսացող Ճապոնիայում նույն ժամանակահատվածում նոր ավտոմեքենաների գրանցումների ընդհանուր թվի հետ։
Լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի ղեկավար Ցույ Դունշուն շուկայի վերջին թուլացումը բացատրել է վառելիքի բարձր գներով, որոնք նվազեցնում են բենզինային շարժիչներով ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը, ինչպես նաև բյուջետային սեդանների հատվածում պահպանվող թուլությամբ։
Reuters-ը գրում է, որ, ըստ էության, Չինաստանի իշխանությունները բախվում են մի տնտեսական իրավիճակի, երբ ավելի շատ ապրանք է արտադրվում, քան կարող է վաճառվել ներքին շուկայում։ Այս ֆոնին արտասահմանյան շուկաները ավտոարտադրողների համար դառնում են վաճառքի ավելի կարևոր ուղղություն։
Տարվա առաջին կիսամյակում չինական ավտոմեքենաների արտահանումն աճել է 71%-ով։ Գործակալությունը նշում է, որ չինական արտադրողների ճնշումն արդեն նկատելի է արտասահմանյան առանցքային շուկաներում։
Counterpoint Research-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ճապոնական ավտոարտադրողները եվրոպական մարդատար ավտոմեքենաների շուկայի մոտ 12%-ն էին զբաղեցնում՝ գրեթե նույնքան, որքան չորս տարի առաջ։ Նույն ժամանակահատվածում չինական ավտոարտադրողների մասնաբաժինը ընդամենը չորս տարվա ընթացքում 3%-ից աճել է մինչև 16%։ Ավտոմեքենաների գրանցումների տվյալներից դատելով՝ այդ աճը մասամբ տեղի է ունեցել եվրոպական, հարավկորեական և ամերիկյան մրցակիցների հաշվին։
Տարբերությունը հատկապես նկատելի է էլեկտրամեքենաների շուկայում։ Եվրոպայում էլեկտրամեքենաների մատակարարումների գրեթե մեկ քառորդը բաժին է ընկնում չինական ապրանքանիշերին, մինչդեռ ճապոնական ավտոարտադրողների մասնաբաժինը կազմում է 5%-ից մի փոքր պակաս։
Counterpoint-ը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը չինական ապրանքանիշերը կզբաղեցնեն եվրոպական մարդատար ավտոմեքենաների ամբողջ շուկայի ավելի քան 20%-ը, իսկ էլեկտրամեքենաների շուկայի՝ 29%-ը։
«Մաքսատուրքերը կարող են դանդաղեցնել այս դինամիկան, բայց չեն շրջի դրա ուղղությունը», – հայտարարել է Counterpoint Research-ի վերլուծաբան Աբհիլաշ Գուպտան։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

