Մեծ Բրիտանիան կպահպանի պատժամիջոցները ռուսաստանցի օլիգարխների նկատմամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ համաձայն չէ Եվրամիության որոշման հետ՝ ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցները հանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ինչպես նշվում է հոդվածում, Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներով Դաունինգ սթրիթի պաշտոնական հաղորդագրության մեջ ԵՄ-ի որոշումը չի հիշատակվել։ Սակայն դրանում նշվել է, որ վարչապետն ընդգծել է «պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ճնշումը շարունակաբար ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու նրա պատրաստակամությունն ապահովելու համար»։
Bloomberg-ն ընդգծում է, որ այս քննադատությունը Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի դիրքորոշումների միջև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում տարաձայնության հազվադեպ դեպք է։ 2022 թվականից ի վեր՝ այդ պատժամիջոցները հիմնականում համաձայնեցված կերպով են սահմանվել և պահպանվել։
Օրերս ընդունված ԵՄ որոշմամբ երեք տարով երկարաձգվում են շուրջ 3000 գործարարների, քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ, պատժամիջոցների ցանկից հանվել են երկու ռուսաստանցի գործարարներ՝ Ուսմանովը և Ֆրիդմանը։ Bloomberg-ը նշում է, որ Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը կողմ է հանդես եկել Ֆրանսիան, իսկ Լյուքսեմբուրգը պահանջել է Ֆրիդմանին հանել պատժամիջոցների ցանկից։
