Honda-ն Mitsubishi-ի օգնությամբ կարող է թողարկել շրջանակային շասսիով պիկապ
Ճապոնական Yomiuri Shimbun պարբերականը հայտնում է, որ Honda-ն համաձայնության է եկել Mitsubishi-ի հետ՝ նոր պիկապ ստեղծելու շուրջ։ Ապագա մոդելի հիմքում կդրվի ներկայիս L200-ը։ Նախնական տվյալներով՝ Honda-ն այդ ավտոմեքենայի համար կմշակի ինքնատիպ թափք։ Ճապոնական պարբերականը նաև հայտնում է, որ երկու ընկերությունները համատեղ կմշակեն նոր մոդելի սրահը, այդ թվում՝ գործիքների վահանակն ու էկրանները։
Տեխնիկական և կառուցվածքային առումով նոր պիկապը լիովին կհամապատասխանի L200-ին․ այն կունենա շրջանակային շասսի և տուրբոդիզելային շարժիչ։ Ավտոմեքենայի արտադրությունը կկազմակերպվի Թաիլանդում գտնվող Mitsubishi-ի գործարանում, որտեղ ներկայումս հավաքվում են L200 և Nissan Navara մոդելները։ Honda-ի նոր պիկապը նախատեսված կլինի Հարավարևելյան Ասիայի շուկաների համար։ Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել դրա վաճառքի աշխարհագրությունը։
Ճապոնական պարբերականը նշում է, որ Honda-ն և Mitsubishi-ն, հնարավոր է, չսահմանափակվեն միայն մեկ ավտոմեքենայի մշակմամբ։ Երկու ընկերությունները կարող են թողարկել նոր մոդելների մի ամբողջ շարք, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Honda-ի պիկապը պետք է ներկայացվի 2028 թվականին։
Սա երկու ճապոնական ընկերությունների առաջին խոշոր համատեղ նախագիծն է այն բանից հետո, երբ նրանց չհաջողվեց համաձայնության գալ միավորման շուրջ։ Honda-ն, Mitsubishi-ն և Nissan-ը շարունակում են համագործակցության ուղիներ փնտրել՝ Toyota-ի հետ հաջողությամբ մրցակցելու համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

