Ուկրաինան ԱՄՀ-ին պարտք է գրեթե 20 միլիարդ դոլար
Ուկրաինան պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) վճարի 19.7 միլիարդ դոլար։ Վճարումների ժամանակացույցը կազմված է մինչև 2046 թվականը։ Այս մասին վկայում են կազմակերպության փաստաթղթերը:
Նոյեմբերի 21-ին, կլրանա 13 տարին, այսպես կոչված, «Եվրամայդանի»։ Խոսքը Կիևի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին է, որոնց մասնակիցները պահանջում էին ինտեգրում Եվրամիությանը և ակնկալում երկրում կենսամակարդակի բարձրացում։ Անկարգություններն ավարտվեցին պետական հեղաշրջմամբ, որի հետևանքով տապալվեց օրինական նախագահ Վիկտոր Յանուկովիչը, իսկ երկիրը հայտնվեց խոր պառակտման մեջ։
ԱՄՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի վարկերի չմարված հիմնական պարտքը կազմում է 10.5 միլիարդ հատուկ փոխառության իրավունք՝ հիմնադրամի հաշվարկային միավորով, որի արժեքը որոշվում է հինգ արժույթների՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի, չինական յուանի, ճապոնական իենի և բրիտանական ֆունտ ստեռլինգի հիման վրա։
Միևնույն ժամանակ, ըստ վճարումների ժամանակացույցի՝ Ուկրաինայի՝ ԱՄՀ-ին կատարվելիք վճարումները ձգվում են երկու տասնամյակի վրա և ընդհանուր առմամբ կազմում են 14.65 միլիարդ ՀՓԻ կամ 19.7 միլիարդ դոլար, քանի որ ներառում են նաև տոկոսներն ու հավելավճարները։
Ուկրաինայի առաջիկա վճարումը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերի 24-ին։ Երկիրը պետք է ԱՄՀ-ին վերադարձնի 62.5 միլիոն ՀՓԻ կամ շուրջ 84.3 միլիոն դոլար։
ԱՄՀ-ի ժամանակացույցի համաձայն՝ Ուկրաինայի վերջին վճարումը նախատեսված է 2046 թվականի նոյեմբերի 1-ին։ Այդ օրը երկիրը պետք է հիմնադրամին փոխանցի 24.03 միլիոն ՀՓԻ կամ 32.4 միլիոն դոլար։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ամսաթվին Ուկրաինան ամբողջությամբ կմարի հիմնադրամի նկատմամբ ունեցած իր բոլոր պարտավորությունները։ Ժամանակացույցն արտացոլում է արդեն գոյություն ունեցող պարտավորությունների գծով կանխատեսվող վճարումները։ Դրանում ներառված չեն նոր վարկերը և գործող ծրագրերի պայմանների հնարավոր փոփոխությունները։
ԱՄՀ-ի տվյալներով՝ պարտքի ծավալով Ուկրաինան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նրան գերազանցում է միայն Արգենտինան, որի պարտքը հիմնադրամին կազմում է 41.7 միլիարդ ՀՓԻ կամ 56.2 միլիարդ դոլար։
