2014թ.-ը եվրոպական տնտեսության համար կլինի կայուն աճի տարի
Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության և Եվրոգոտու անդամ երկրների տնտեսական աճի վերաբերյալ իր նոր կանխատեսումները: 2014 և 2015 թվականների համար Եվրահանձնաժողովը սպասում է Եվրամիության տնտեսության համապատասխան 1,5% և 2% աճ, Եվրոգոտու տնտեսության՝ 1,2% և 1,8%:
Հրապարակված զեկույցում նշվում է, որ 2013 թվականի գարնանը եվրոպական տնտեսությունը դուրս էր եկել ճգնաժամից: Վերջին շուրջ 3 եռամյսակներում Եվրոպան մտել էր տնտեսական վերականգնման փուլ: Կանխատեսվում է, որ 2014 թվականը եվրոպական տնտեսության համար կլինի աճի տարի:
Եվրահանձնաժողովում վստահ են, որ եվրոպական տնտեսական ճգնաժամի առավել ծանր շրջանն արդեն ավարտվել է, և այժմ մեկնարկում է կայուն և հավասարակշռված աճի շրջանը: Սպասվում է, որ այս տարի եվրոպական տնտեսության մրցունակությունը կբարձրանա: