Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 7-րդ). Գևորգ Թամամյան
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ
«Արտադրված է Թայվանում», մաս 7-րդ
Գևորգ Թամամյան
Երբևէ տեսել ե՞ք սուրճի դաշտերը բարձրությունից… Դժվար թե սուրճի սիրահարներին դուր գա ասածս, բայց այն կարելի էր հանգիստ շփոթել, ասենք, բազուկի կամ այլ բանջար-բոստանային կուլտուրաների կանաչ դաշտերի հետ… իսկ հողը սրճագույն էր, մանավանդ անձրևից հետո… հանդարտ ձգվում էր դեպի հեռուները, ձախից՝ կամաց-կամաց վերածվելով անտառի, իսկ աջից՝ պատսպարվելով երկար-բարակ արմավենիներով…
Եվ անիվը պտտվում էր… Խցիկում չորսն էինք, Մր. Վաթսոն Լինը, նրա մայրը, աղջիկը՝ Էմին, և ես: Դժվարությամբ եմ հիշում, թե երբ առաջին անգամ հանդիպեցի Մր Լինին, հավանաբար Պրոֆեսոր Պենգի հիվանդների առավոտյան ընդունելություններից մեկի ժամանակ, բայց պարզ հիշում եմ մեր երկրորդ հանդիպումը…
– Գիտեմ, որ գարեջուր սիրում ես…
Ժպտացի… պատասխանն ակնհայտ էր… հետաքրքիր է, թե ինչպես են կյանքի ընթացքում անընդհատ փոխվում մարդու համի զգայարանները… հստակ չեմ կարողանում մտաբերել, թե երբ դարձա գարեջրի սիրահար, բայց, միանշանակ, կար ժամանակ, որ այն տանել չէի կարողանում… իսկ հիմա…
– Բժիշկների սենյակում՝ սեղանիդ վրա եմ թողել, հուսով եմ դուրդ կգա… թայվանական է…,- և կրկին ժպտաց…
Կան մարդիկ, որոնց դժվար է պատկերացնել առանց ժպիտի և այդ սակավաթիվ մարդկանցից մեկը Վաթսոն Լինն էր: Չնայած, պետք է խոստովանեմ, որ տեսա նրան մի անգամ նաև տխուր… Դա Երևանում էր… Թայվան-Հայկական 1-ին կոնֆերանսի հաջորդ օրն այցելեցինք Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան… Երբեք չեմ մոռանա նրանց տխուր դեմքերն այդ օրը… Պրոֆեսոր Պենգը, Մր Լինը, Էրիկը, Սայմոնը, նույնիսկ Կլիֆը, որ միշտ ուրախ էր և նույնիսկ սովորել ու անընդհատ քթի տակ երգում էր «ամենալավը դու ես»-ը… Այդ պահին բոլորը տխուր էին… այդ պահին ես կրկին զգացի, մենք բոլորս զգացինք, որ տասնյակ հազարավոր կիլոմետրերի վրա ունենք հարազատներ… նրանք չասեցին ոչինչ, միայն լուռ տխրեցին մեզ հետ… իսկ վերջում թողեցին թանգարանի մատյանում «մենք, թայվանցիներս, ձեզ հետ ենք…»:
Վաթսոն Լինը Թայվանի Թալասեմիայի Ասոցիացիայի գլխավոր քարտուղարն է, և նաև դեղագործ է… Նրան հանդիպելուց հետո, կարծում եմ, հստակ կարող եմ սահմանել ՛՛կոկիկ՛՛ բառը… միշտ պարտաճանաչ, միշտ ժամանակին և, ամենակարևորը` անսահման հոգատար… բառերիս տակ, համոզված եմ, կստորագրի Թայվանում եղած ընկերներիցս յուրաքանչյուրը…
Երբ անիվը հետ վերադարձավ գետին և դուրս եկանք ճաղապատ խցիկից, անձրևը նորից ուժ էր հավաքում… Բարեբախտաբար, բացօթյա ատրակցիոնների մեծ մասն արդեն անցել էինք… Այդ վայրը գտնվում էր Թաոյուենի միջազգային օդանավակայանից ոչ շատ հեռու: Աշխարհի մակետն էր… Փարիզից մինչև Նյու-Յորք, Տոկիոյից մինչև Մոսկվա… բոլորն այստեղ էին… միջոցառման վերջում կարճ ելույթներ եղան և նաև երկու խոսքի հնարավորություն ինձ տրվեց…
Հաջորդ օրը սեղանիս գտա ծրար Մր Լինից ՛՛ելույթի հոնորար՛՛ գրությամբ… հետ վերադարձնելու փորձերս միանգամայն ապարդյուն էին…
***
Արդեն մթնում էր, երբ ավտոբուսը մտավ Թայչունգ: Ճանապարհն ինչքան որ գեղեցիկ, այնքան էլ հոգնեցուցիչ էր: Որոշեցի քայլել… Փողոցով դեպի ներքև, այնուհետև քաղցկեղի կենտրոնի դիմացով դեպի ձախ և ևս 5 րոպե ու ընկղմվում ես գիշերային շուկայի եռուզեռի մեջ…
Խանութը կորեական էր, համենայն դեպս դա էր հուշում վահանակի վրայի «Made in Korea» գրությունը…
– Հավատացեք ինձ, այս կոշիկներից այլևս չեք գտնի, սա վերջինն է մնացել… վերցրեք, չեք փոշմանի…
Խանութի երիտասարդ տերը փորձում էր համոզել ինձ գնել սպորտային կոշիկները, որոնք չնայած սրտովս էին, բայց դեռ կամուկացի մեջ էի… հենց նոր էի մտել գիշերային շուկան և, ըստ հայերիս հայտնի սովորույթի, կարծում էի, որ հնարավոր է ավելի լավն էլ գտնեմ…
– Ուզում ե՞ք ասեմ երկու պատճառ, թե ինչու պետք է գնեք այս կոշիկները,- հարցրեց խանութի տերը:
– Ինչու՞…
– Առաջինը, որ այս կոշիկները երբեք չեն մաշվում, և երկրորդը, ես Ձեզ երաշխավորում եմ, որ ամբողջ շուկայում ինձ պես անգլերեն ոչ մեկ չի խոսում…
Ծիծաղեցինք… Իրոք որ, խոսում էր փայլուն անգլերենով…
Իսկ առաջին պատճառը հաստատվեց վերջերս, երբ Բրյուսելի օդանավակայանում ուղեբեռի ավելցուկի «պատճառով» ուրախությամբ նետեցի աղբամանը այդպես էլ չմաշվող կոշիկները…
– Նաև շատ լավ գուլպաներ ունեմ, շատ հարմար գներով…, – և ցույց տվեց կարմիր-կանաչ-գունավոր գուլպաների հավաքածուն…
– Ոչչչ՜, դա արդեն շատ կլիներ,- և սկսեցի ծիծաղել, երբ պատկերացրեցի ինձ այդ գուլպաներով…
Ամիսներ անց Ամերիկայի հայտնի խանութներից մեկում ականատես էի լինելու, թե ինչպես իտալացի մոդելյերը հպարտորեն ի ցույց էր դնելու Նյու Յորք Թայմսի հերթական համարում ցիլոյով իր նկարը և աստղաբաշխական գներով վաճառելու էր ծիածանագույն և բազմապիսի սրտիկ-թիթեռնիկներով տղամարդու գուլպաների իր նոր հավաքածուն…
2012 – 2015 թթ.
շարունակելի…
Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ: