Beeline-ն աջակցում է դպրոցականների համակարգչային գրագիտության բարձրացմանը
Beeline-ի աջակցությամբ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնում բացվել է համակարգչային դասարան: Համագործակցության շրջանակում ընկերությունը նաև բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին խրախուսելու նպատակով կնվիրի պլանշետներ և հեռախոսներ:
«Beeline-ի սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին ու երիտասարդներին ուղղված ծրագրերը, որոնք օգնում են փոխել նրանց կյանքը դեպի լավը։ Այսօր համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության զարգացման համար բազմաթիվ նոր հեռանկարներ են բացվում, և մենք ուրախ ենք, որ այս լսարանի շնորհիվ ուսումնական կենտրոնի սաներին ընձեռվում է նման հնարավորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ուսումնական կենտրոնի սաների և աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսևորման և կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Համակարգչային դասարանը կնպաստի մեր երեխաների հետագա ուսումնառությանը և գիտելիքների զարգացմանը», – նշեց «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Եսայանը:
Նշենք, որ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոն հաճախում են սոցիալապես անապահով, հաշմանդամ, բազմազավակ ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Կրթական ծրագրերից բացի ուսումնական կենտրոնը նաև իրականացնում է բժշկական, հոգեբանական, մշակութային և սպորտային ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում կենտրոն հաճախող երեխաների ամառային հանգիստը: