Բանկերում 43 մլրդ ՀՀ դրամի վարկեր դասակարգված են որպես ժամկետանց
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 42,8 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 2.08%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը՝ մոտ 28,84 մլրդ ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.90%-ը կամ 121,26 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռել են երկարաժամկետ վարկերը և կազմել են մոտ 86,77 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 32,5 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.5%-ը, իսկ երկարաձգված վարկերը կազմել էին 5.73%-ը կամ 123,2 մլրդ ՀՀ դրամ: