Ազգային Ժողովի նիստ – 14/12/2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած կարգով:
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի դեկտեմբերի 14-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր` ժամը 11:00-ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ` յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ:
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են նաեւ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումն առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում քննարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ քառօրյայում քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ վավերացրել միջազգային պայմանագրեր:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի նպատակն է բոլոր անցակետերում, այդ թվում՝ օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ ՀՀ մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում, անմաքս առեւտրի խանութների գործունեության համար ապահովել հավասար պայմաններ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Միքայել Մելքումյանն, անդրադառնալով ավելացված արժեքի հարկին, նշել է, որ հարկային բազան կրճատվել է: Հովհաննես Մարգարյանը կարեւորել է անմաքս առեւտրի խանութների գործունեության համար հավասար պայմանների ապահովումը: Գուրգեն Արսենյանը դրական է գնահատել կառավարության նախաձեռնությունը՝ ներկայացնելով իր մտահոգություննները Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ: Մհեր Շահգելդյանը, անդրադառնալով նախատեսվող փոփոխությանը, նկատել է, որ այն տարաձայնությունների տեղիք է տալիս:
Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը եւ դրա, իր գնահատմամբ՝ բացասական հետեւանքներին տնտեսության վրա: Նա քննադատել է նաեւ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը: Արծվիկ Մինասյանը դրական է գնահատել ներկայացված օրենքի նախագիծը, սակայն նշել, որ քիչ բան է արվում՝ խթանելու եւ զարգացնելու համար տեղական արտադրությունը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա բարձրացրել է մի շարք հարցեր, մասնավորապես՝ առաջարկել հստակեցնել, թե որքան անմաքս առեւտրի խանութներ ունեցող անցակետեր են գործելու Հայաստանում:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Գարեգին Մելքումյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Նա հստակեցրել է, որ ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն՝ անմաքս առեւտրի խանութներ գործում են ոչ միայն օդանավակայաններում, սակայն, բացառությամբ օդանավակայաններում գործող խանութներից, մնացածը գտնվում են ԱԱՀ-ով հարկման դաշտում: Ուստի, քննարկվող նախագծով առաջարկվում է ապահովել ԱԱՀ-ով հարկման հավասար պայմաններ:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հսկիչ նշանների /դրոշմապիտակների/ միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակներից է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր եւ ֆիլմ արտադրողների հարակից իրավունքների պաշտպանությունը, որը չի պաշտպանվում նշված օրենքով եւ անհավասար պայմաններ են ստեղծվում տեղական եւ օտարերկրյա սուբյեկտների համար:
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Փոփոխություններով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Սահմանվում է, որ արխիվային տեղեկանքների ստացումն իրականացնում է լիազոր մարմինը, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ, այդ թվում՝ նաեւ բանավոր: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարակից զեկույցում իրազեկել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ ներկայացրել է քննարկումների ընթացքում հանձնաժողովում հնչած առաջարկները:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել ՀՀ համայնքների որոշակի խմբերի համար համակցված միջռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթի շրջանակներում գլխավոր հատակագծերի եւ հողօգտագործման ու կառուցապատման կանոնների մշակման հնարավորություն՝ մեկ ընդհանուր փաստաթղթում դրանք ամփոփելու միջոցով: Համակցված տարածական պլանավորման փաստաթղթի առկայության դեպքում առանձին համայնքի համար գլխավոր հատակագիծ եւ գոտիավորման նախագիծ չի մշակվի: Առաջարկվում է օրենքով 2016 թվականի հունվարի 1-ով սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ օրենքում տեղ գտած անճշտությունների շտկման, արդի իրավիճակից բխող որոշ պահանջների վերանայման ու խստացման, նոր դրույթներով լրացման, եւ առանձին դրույթների գործողության մեջ մտնելու ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետորեն կանխարգելելու հայկական կոնյակների, աշխարհագրական նշումով գինիների եւ խաղողի օղիների կեղծումները` առանց ոլորտում գործող տնտեսավարողների կողմից լրացուցիչ ներդրումներ կատարելու, բացի այդ օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետների փոփոխությունը հնարավորություն կընձեռի խուսափելու տնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա դրանց բացասական ազդեցությունից:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Օրինագծի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը:
Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը դեկտեմբերի 15-ին: