Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ազգային Ժողովի նիստ – 21/12/2015
21/12/2015 17:33
Կիսվել

Ազգային Ժողովի նիստ – 21/12/2015

Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի դիվերսիաների հետեւանքով զոհված հերոսների հիշատակը:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ արտահերթ նիստերում քննարկված մի շարք օրինագծեր:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ պետությունը նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Տվյալ դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Կրթության եւ գիտության նախարարը նշել է, որ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ, որ ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում:

Ըստ նախարարի, այդ պայմանը չկատարելու դեպքում, շրջանավարտը, ըստ առաջարկվող փոփոխության, ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Վահե Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը, Ռուզաննա Մուրադյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը, անդրադարձել են ուսանողներին սոցիալական երաշխիքներ ապահովելուն, որակյալ կադրերի պատրաստմանը, կադրերի պահանջարկի պլանավորմանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հարցերի եւ առաջարկների համար՝ նշելով, որ պատրաստակամ է միասին աշխատել եւ գտնել խնդիրների համալիր լուծումներ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են նաեւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները քննարկել են ՀՀ նախագահի ներկայացրած՝ 2015 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Երեւան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների ժողովուրդների կրթության եւ մշակույթի զարգացման գործում ստեղծել փոխգործակցության համար առավել բարենպաստ պայմաններ: Համաձայնագիրը մասնավորապես կնպաստի գիտական եւ նորարարական գործունեության իրականացմանը, համալսարանում սովորողների կրթական, գիտական եւ արտադրական պրակտիկայի կազմակերպմանն առաջատար ուսումնական եւ գիտական կենտրոններում: Համաձայնագրով ամրագրվում է, որ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում ուսուցումն իրականացվելու է նաեւ հայերեն: Համաձայնագրով, ըստ կրթության եւ գիտության նախարարի, համալսարանին իրավունք է տրվելու օգտվել Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի՝ գիտությանն ուղղված հատկացումներից:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկել են «ՀՀ դրոշի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Նա երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ եւս պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի կապակցությամբ հիմնական զեկուցող Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ լրամշակման արդյունքում առավել արդյունավետ է դարձվել ձեբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ներսես Երիցյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորներն այնուհետեւ քննարկել են «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որոնք ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նա տեղեկացրել է, որ ընդունվել են պատգամավոր Վարդան Այվազյանի ներկայացրած առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նա տեղեկացրել է, որ փաթեթը որոշակի փոփոխություններ է կրել եւ առավել հստակեցվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ օրենսդրական փաթեթն անդրադարռնում է բազմաթիվ պատգամավորների մտահոգություններին: Մասնավորապես՝ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես, լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Բարձրացվում է պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Նախատեսվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացում՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ: Ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: Կանոնակարգվում են ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը եւ դրա հետեւանքները: 2014թ. դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ 6-ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Կառավարությունն առաջարկում է համաներման ժամկետն այս պահին երկարաձգել եւս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Թեւան Պողոսյանը կարեւորել է քննարկվող օրենսդրական փաթեթը եւ նշել, որ թեեւ բազմաթիվ հարցեր կլուծվեն փաթեթի ընդունման արդյունքում, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ հետագայում: Նա ներկայացրել է մի շարք առաջարկներ: Էդմոն Մարուքյանը ողջունելի է համարել օրենսդրական փաթեթը եւ նույնպես նշել, որ ոլորտը դեռեւս բարելավման կարիք ունի: Նա ներկայացրել է բարեփոխման կարիք ունեցող խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը: Նա եւս նկատել է, որ փաթեթն ամբողջությամբ չի լուծելու ոլորտի խնդիրները: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նվազեցնել տուգանքների չափերը: Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ քննարկվում է կենսական նշանակություն ունեցող օրենսդրական փաթեթ, եւ բոլոր քայլերը պետք է ուղղել ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը:

Խոսելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի պատշաճ օրենսդրության ձեւավորումից՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է ոլորտում առկա իրավահարաբերությունները մեկ միասնական իրավական ակտով կարգավորելու մոտեցումը: Պատգամավորը հիշեցրել է, որ դեռ տարիներ առաջ ՀՀ կառավարությանը ներկայացրել է առաջարկ՝ մշակել ճանապարհային օրենսգրքի նախագիծ: Գուրգեն Արսենյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն մեր հասարակության կենսագործունեությանն է առնչվում: Նա անդրադարձել է երթեւեկությունը հարմարավետ, արդյունավետ եւ անվտանգ դարձնելուն ուղղված քայլերին եւ խոսել այլ երկրներում երթեւեկության կանոնների սահմանումներին, վարչական պատասխանատվության ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեսախցիկների եւ արագաչափերի ազդեցության վիճակագրությունը երթեւեկության կարգուկանոնի, քաղաքացիների անվտանգության տեսաանկյունից, խոսել խախտումների համար տուգանքների գանձման աճի միտումներից: Խոսրով Հարությունյանը նկատել է, որ հանրության համար լրջագույն խնդիրներ են կարգավորվելու առաջարկվող փոփոխություններով եւ պատահական չէր այս իմաստով ՀՀ Նախագահի հանձնարարականը: Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ օրենսդրական առաջարկի նպատակը մարդկանց գրպանից գումար կորզելը չէ, այլ քիչ խախտումներ թույլ տալու համար համապատասխան պայմաններ ստեղծելը: Բանախոսի համոզմամբ՝ օրենսդրական փաթեթը համապատասխանում է հանրության սպասելիքներին: Հեղինե Բիշարյանի խոսքով՝ նախագծում դրական գնահատականի արժանի հոդվածների կողքին կան նաեւ խնդրահարույց կետեր: Նա առաջարկել է մգեցված ապակիների թաղանթապատումը հեռացնելու գործընթացում կիրառել փուլային տարբերակ: Դեմ չլինելով ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սանկցիաների խստացմանը՝ տիկին Բիշարյանը կարծիք է հայտնել, որ այս հարցում պետք է ձեռնպահ մնալ երկակի մոտեցումներից: Նրա գնահատմամբ՝ ոլորտում համակարգային փոփոխություններ է պետք իրականացնել: Միքայել Մելքումյանը նշել է, որ կողմ է օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ կառավարությունը մեղմացումների պետք է գնա փուլային ճանապարհով: Հովհաննես Մարգարյանն իր մտահոգությունն է հայտնել ամենուր տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների վերաբերյալ: Պարոն Մարգարյանի գնահատմամբ, եթե փոփոխությունները կանխարգելիչ նպատակ ունեն, ապա պետք է հաշվի առնվի նաեւ վարորդների սոցիալական վիճակը: Նա խոսել է ճանապարհային երթեւեկության ոլորտի մի շարք այլ խնդիրներից եւս:

ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Արծվիկ Մինասյանը: Նա դեմ է քվեարկելու նախաձեռնությանը, քանի որ այն հաշվի չի առնում ընդունված Սահմանադրության որոշ հիմնադրույթներ, որոնք առնչվում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին, պատշաճ վարչարարության իրավունքի իրացմանը: Խմբակցության ներկայացուցչի խոսքով՝ այս փոփոխությունները հասարակության դժգոհությունը մեղմելու բավարար հիմք չեն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նախարարի համոզմամբ՝ օրենսդրական փաթեթով դրական լուծումներ են առաջարկվում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ կառավարությունն արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումները:

Նիստի ավարտին ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված բոլոր հարցերը:

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34