Կառավարությունն աջակցում է Ինտերալկո ընկերությանը
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություն է կատարել նախկին ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, երկարացնելու նպատակով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում «Արմեն-ալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում իրականացնել խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն: Ընկերությունն նախատեսում է տեղական ֆերմերային տնտեսություններից գնած հումքից արտադրել խաղողի/գինու, մրգերի թորվածքներ, որին ավելացնելով Եվրոպայից ներկրված հումք` մեծածախ քանակով արտահանել ԱՊՀ և այլ երկրներ: Ընկերությունը կներդնի հոլանդական և ֆրանսիական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ: