Հայկ Մնացականյան․ վարկավորման արդի զարգացումներն ու խնդիրները
Տնտեսական հարաբերությունները մշտապես զարգանում են` իրենց հերթին մեծացնելով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկը:
Մերօրյա հասարակություններում ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրներից առանձնանում է վարկավորումը, որն աստիճանաբար ընդլայնում է իր կիրառման ոլորտները: Բայց լինելով տարաբնույթ տնտեսական ծրագրերի կյանքի կոչման, բարեկեցության ավելացման, հնարավորությունների օգտագործման միջոց` այն նաեւ ֆինանսական պարտավորության առաջացման աղբյուր է:
Հարկ է նշել, որ վարկային ռեսուրսները տարեցտարի դառնում են ավելի հասանելի: Դրա մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2007-2015 թվականների ընթացքում ավելացել է մոտ երեք անգամ, եւ միջին տարեկան աճի տեմպը կազմել է մոտ 17%:
Բանկային համակարգը ցուցաբերել է դինամիկ զարգացման միտումներ: Վերջին ութ տարիների ընթացքում ակտիվների միջին տարեկան աճը կազմել է մոտ 21%, վարկերինը՝ 22%` աճելով մոտ հինգ անգամ: Այդ նույն ժամանակահատվածում վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է 19%-ից մինչեւ 42%: Բանկերի վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 30%:
Երեւույթն ունի ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց հետեւանքներ: Դրական հետեւանքները բազմաթիվ են եւ արտահայտվում են տնտեսական տարբեր ցուցանիշների աճով: Բայց մյուս կողմից վերջին շրջանում ականատես ենք լինում նաեւ չաշխատող վարկերի տեսակարար կշռի ավելացմանը (նախորդ տարեվերջին այն կազմել է մոտ 7.5%): Խնդիրը գոյություն ունի, որի առաջացմանը նպաստել են մի կողմից՝ տնտեսության հետճգնաժամային վիճակը, մյուս կողմից՝ ցածր վարկարժանությամբ փոխառուների վարկավորումը:
Պետք է նշել նաեւ, որ խնդրի լուծման նպատակով արդեն իսկ իրականացվել են համապատասխան փոփոխություններ բանկերի գործունության կարգավորման դաշտում՝ բարձրացնելով որոշ վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստին հատկացումների դրույքները եւ ռիսկի կշիռները, ինչպես նաեւ կապիտալի պահանջը:
Վերը նշված ժամանակահատվածում բավական նվազել է նաեւ արտարժութային վարկերի տոկոսադրույքը, չնայած այն մտահոգիչ հանգամանքին, որ վարկերի դոլարայնացման մակարդակը 2015թ. կազմել է մոտ 67%:
Ցանկացած զարգացում առաջ է բերում նոր մարտահրավերներ: Դրական զարգացումները ակնհայտ են, բայց գոյություն ունեն տնտեսության առանձնահատուկ կամ, կարելի է ասել, զգայուն ոլորտներ, ճյուղեր, որոնց նկատմամբ ֆինանսավորման տարբերակված մոտեցումների ցուցաբերումը կարող է էապես նպաստել զարգացմանը:
Մասնավորապես ներկայումս, հաշվի առնելով սեզոնային աշխատանքների սկիզբը, քննարկվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման խնդիրները գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության ոլորտի վարկավորումն ունի իր առանձնահատկությունները՝ կապված սեզոնայնության եւ տարաբնույթ այլ ռիսկերի հետ: Վարկավորման մատչելիությունը կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի ստեղծմանը:
Պետք է նշել, որ բավականաչափ աշխատանքներ արդեն իսկ արվել են այդ ուղղությամբ: Վերջին ութ տարիների ընթացքում առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսությանը տրամադրված վարկերը տարեկան աճել են միջինը 29%-ով, այն դեպքում երբ տնտեսությանը տրամադրված վարկերի միջին տարեկան աճը կազմել է մոտ 22%: Արդյունքում գյուղատնտեսության ճյուղի ֆինանսական միջնորդության մակարդակը ավելացել է մոտ հինգ անգամ:
Աշխատանքներ են իրականացվել նաեւ վարկային ռեսուրսների ձեռքբերման ժամկետայնության եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ: Կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ծրագրի իրականացման շնորհիվ ֆինանսավորվել է շուրջ 74 մլրդ դրամի 83 հազար վարկ, որոնք տրվել են բացառապես դրամով եւ հասանելի են գյուղացիներին 8%-ով, իսկ 6%-ը սուբսիդավորվել է պետության կողմից: 2015 թվականի վերջի դրությամբ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված գյուղատնտեսական վարկերի ծավալը կազմել է 203 մլրդ դրամ, թվով մոտ 170 հազար վարկ, որոնց միջին տոկոսադրույքը կազմել է 15.5%:
Բայց հնարավորությունների ավելացման հետ մեկտեղ ներկայումս կարեւորվել են նոր հիմնահարցեր, որոնցից կարելի է առանձնացնել հետեւյալները.
Առաջինը վերաբերում է չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճին: Հաշվի առնելով, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը 2015թ. տատանվել է 15%-ի սահմաններում, ակնհայտ է, որ խնդիրը կարգավորվող է եւ ունի ժամանակավոր բնույթ: Ուստի վարկերի որակի ժամանակավոր վատացումը չի կարող էական ազդեցություն ունենալ ֆինանսական կայունության վրա, քանի դեռ բանկերը ապահովում են կապիտալի բավարար համարժեքություն՝ կլանելու վարկային պորտֆելի գծով հնարավոր կորուստները:
Երկրորդը վարկերի դոլարայնացման ներկա մակարդակի հետ կապված հարցն է:
Երեւույթը գտնվում է հիմնականում ուղիղ համեմատական կապի մեջ արժույթի շուկայի կայունության հետ: Այս առումով պետք է նշել, որ արժույթի շուկայի կայուն զարգացման ապահովումը, որին միտված են Կենտրոնական բանկի գործողությունները, էապես կարող է նպաստել վարկերի դոլարայնացման մակարդակի նվազմանը` ավելացնելով վստահությունը ՀՀ դրամի հանդեպ եւ նպաստելով տնտեսության զարգացմանը:
Հաջորդը բիզնեսի վարման էթիկայի, ֆինանսական կրթության մասնագիտական ապահովվածության շարունակական զարգացման անհրաժեշտությունն է` հատկապես մարզերում:
Շատ կարեւոր է գիտակցումը, որ վարկն ընդամենը հնարավորություն է, այլ ոչ պարտադրանք: Մինչ վարկային միջոցների ձեռքբերումը յուրաքանչյուր անձ պետք է կարողանա առավել սթափ ու իրատեսական գնահատել ֆինանսական հնարավորությունները եւ պարտավորությունները:
Միեւնույն ժամանակ պարզ է նաեւ, որ տարեցտարի ավելանալու է գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը ծավալուն են, բայց կարեւոր է ցուցաբերել գյուղվարկերի մատչելիության ապահովման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացման հետեւողականություն։
Ֆինանսավորման աղբյուրների ցանկում մատչելի վարկերը մեծ թվով գյուղացիական տնտեսություններին հնարավորություն են տալիս ստեղծելու, պահպանելու եւ ընդլայնելու իրենց գործունեությունը:
Աղբյուրը՝ Հայոց Աշխարհ
ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման աբիոնի դոցենտ