Գազպրոմ Արմենիա. ընկերության անունից վճարահաշվարկային փաստաթղթեր ներկայացնողներին պետք չէ հավատալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինչ-որ անձինք ընկերության անունից խանութներում ներկայացնում են վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր և փորձում ձեռք բերել ապրանքներ։ Ընկերությունը հորդորել է նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից, հայտարարության մեջ նշված է. «Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ինչ-որ անձինք՝ հանդես գալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից, ներկայացնելով վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր, տարբեր խանութներից փորձում են ձեռք բերել, կամ ձեռք են բերում տարատեսակ ապրանքներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ընկերության բոլոր գնումները բացառապես իրականացվում են ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա:
Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպություններին վերը նշված դեպքերի գրանցման պարագայում չձեռնարկել որևէ քայլ ապրանք վաճառելու կամ փոխանցելու ուղղությամբ և դիմել իրավապահ մարմիններին»: