Կարեն Կարապետյան. քաղաքացիների խնդիրների առնչությամբ գերատեսչություններից ստացվող անդեմ պատասխաններն անընդունելի են
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլերի պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: