Ստեղծվում է լոգիստիկ կենտրոն, որը կօգնի վերամշակող գյուղատնտեսական մթերումներով զբաղվող կառույցներին
Կառավարության տարեվերջյան նիստում նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվել, որոնցից մեկը վերաբերել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Գյուղատնտեսության նախարարին:
Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել առևտրի խոշոր ցանցերում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի հիմնական տնտեսվարողներին մեկամսյա ժամկետում հանգամանալից ներկայացնել հումքի մթերման վճարումների կատարման համար պետական վարկավորման առաջարկվող մեխանիզմը և գրավչության առկայության դեպքում ներկայացնել առաջարկություններ վարկային նոր պրոդուկտի ներդրման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկել բանկերի և այլ կառույցների հետ նշված մեխանիզմով ֆինանսավորման համար, բացի «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կողմից կառավարվող վարկային ֆոնդերից, այլ միջոցներ ներգրավելու հնարավորությունը: «Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ փորձենք օգնել վերամշակող գյուղատնտեսական մթերումներով զբաղվող մեր կառույցներին, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը, մթերումները կազմակերպեն ավելի էֆեկտիվ, ավելի կանխատեսելի: Մենք ակնկալում ենք գյուղատնտեսական ոլորտում պրոդուկտի աճ և լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր որպեսզի չստեղծվեն: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառույցներին, որևէ պարտադրանք, ադմինիստրատիվ հանձնարարական այդ բիզնես կառույցներին չկա: Կարծում եմ՝ մեր առաջարկը լինելու է իրենց համար շահավետ, այդ իսկ պատճառով ով համաձայնվի այդ հարթակում մասնակցություն ունենալ, ապա իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ»: