Կարեն Կարապետյանը ներկայացրել է օտարերկրյա ներդրումներն ավելացնելու հիմնական ուղղությունները
Օտարերկրյա ներդրումների ծավալներն ավելացնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ տրամաբանական, կանխատեսելի և հասկանալի գործընկեր է: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Առաջին հերթին կարևոր է, որպեսզի մենք բարելավենք օրենսդրական դաշտը, որ ներդրողը հասկանա, որ այստեղ ներդրում կատարելը իր համար շահավետ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծեց, որ սխալ կլինի ընդամենը օրենսդրական դաշտը բարելավել և սպասել, որ ներդրողները գան, այլ հարկավոր է միաժամանակ լինել նախաձեռնող: «Մենք պետք է նախաձեռնող լինենք, խոսենք, համոզենք, որպեսզի ներդրողներին գրավենք: Սակայն եթե լինում ենք նախաձեռնող, կարողանում ենք համոզել, բայց միևնույն ժամանակ քարերից չենք մաքրում այն հողը, որտեղ ցանկանում ենք սերմը ցանել, այդ սերմը բերք չի կարող տալ»,- ընդգծեց վարչապետը:
Նա հավելեց, որ արդեն իսկ բոլոր գերատեսչություններին հանձնարարականներ է տվել, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի, թե իր ոլորտում որքան ներդրում կարելի է ակնկալել և ինչ աշխատանքներ է պետք տանել: