Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ
02/02/2017 09:35
Կիսվել

Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող հիմնական ցուցանիշերը, զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող մի շարք ծրագրեր՝ մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով: Մարզպետը, մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին ակտիվ իրականացվում են ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ կաթիլային եղանակով ոռոգվող այգիների ստեղծման աշխատանքներ: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ նա տեղեկացրել է, որ նախատեսում են օպտիմալացում կրթության և առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, կրճատման ենթակա կլինեն մանկավարժական և վարչական կազմի 90 հաստիք, ինչի արդյունքում կտնտեսվի 60 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է 50 հաստիքի կրճատում, կտնտեսվի 44 մլն ՀՀ դրամ: Մարզպետը նաև ներկայացրել է 2017 թ. ծրագրերը մի շարք համայնքներում՝ արևային էներգիայի արտադրության կայանների և նոր ջերմոցային տնտեսության հիմնում, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնում, զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացում և այլ ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է քննարկումը կառուցել ըստ ոլորտների կատարված աշխատանքների, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի, ինչպես նաև բիզնես միջավայրի զարգացման և ներդրումների ներգրավման հարցերի շուրջ:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գործարարության խթանման ոլորտների պատասխանատուները ներկայացրել են նշված բնագավառների ընթացիկ վիճակագրությունը և զարգացման ծրագրերը: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն անդրադարձել է վարելահողերի նպատակային օգտագործման հարցին՝ նշելով, որ այն ցածր մակարդակ ունի, տվյալներ ներկայացրել գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների, կոոպերատիվների թվաքանակի վերաբերյալ:

Վարչապետն առաջարկել է ներկայացնել Կոտայքի մարզի գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որը կներառի խելոք գյուղատնտեսության զարգացմանը, մշակովի ցանքատարածությունների ավելացմանը, ոլորտի մեխանիզացիային ուղղված կոնկրետ քայլեր:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ կա՞ հաշվարկ, թե որքան է կազմում մարզում գյուղատնտեսության մեխանիզացիայի ծառայությունների ընդհանուր ծավալը և արժեքը: Ոլորտի պատասխանատուի գնահատմամբ՝ այն մոտավորապես կազմում է 300 մլն ՀՀ դրամ: Խոսելով ոլորտի մեխանիզացիայի մասին՝ վարչապետն առաջարկել է մշակել լիզինգով գյուղտեխնիկայի ձեռքբերման հստակ ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ծառայությունների արդյունավետությունը, ոլորտի արտադրողականությունը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ ծրագիր ներկայացնելու դեպքում կառավարությունը պատրաստ է համապատասխան աջակցություն տրամադրել:

Վարչապետը ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերն ուղղվելու են այն նախաձեռնություններին, որոնք ունեն տրամաբանություն, նվազեցնելու են ծախսերը, ավելացնելու եկամտաբերությունը: «Գյուղատնտեսությունը բիզնես է: Մեզ մոտ արմատացած է միտքը, որ եթե գյուղատնտեսությունը չսուբսիդավորենք, այն չի զարգանա: Մենք անպայման պետք է օգնենք գյուղատնտեսությանը, բայց օգնենք հեռանկար ունեցող ծրագրերին, որովհետև, օրինակ, տարեցտարի ցորենի ցանքատարածությունները մեծանում են, ո´չ գյուղացին է գոհ, ո´չ պետությունը, իսկ սուբսիդավորման գումարն անընդհատ մեծանում է, պետության վրա բեռը՝ ավելանում, ո´չ գյուղացու մոտ է որակը փոխվում, ո´չ մեզ մոտ: Այդպես որ շարունակենք, ո՞ւր ենք գնալու: Հենց զգանք մեր վերջնական նպատակը ո՞րն է, որտե՞ղ կարող ենք գումար ներդնել և այն հետ բերել, որտե՞ղ պետք է ուղղակի սուբսիդավորել՝ ակնկալելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, քայլ առ քայլ առաջ կգնանք: Եկեք փորձենք որակը փոխել, հասկանալ՝ ինչն է ճիշտ, գյուղացուն, ֆերմերին ուղղորդենք և կրթենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուից վարչապետը հետաքրքրվել է բժշկական հաստատությունների աշխատանքի, կառավարման արդյունավետության մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ. «Պետք է այնպես անել, որպեսզի որպես պացիենտ ես ընտրեմ այն կլինիկան, թե որտեղ պետք է բուժվեմ, ոչ թե շտապօգնությունն անկախ իմ կամքից տեղափոխի այլ բուժհաստատություն»: Վարչապետը կարևորել է մարզի բուժհիմնարկների կառավարման գործում մասնավոր կառավարիչների ներգրավումը: «Եթե մասնավորը գա՝ ավելի լավ, ավելի էֆեկտիվ է կառավարելու, փող է դնելու, վերանորոգում է իրականացնելու: Եթե մասնավորն ավելի լավ պայման չի առաջարկելու, քան դուք այսօր ունեք, մի հանձնեք մասնավորին, բայց միշտ մրցակցային իրավիճակը ապահովեք:Ակնհայտ է, որ մրցակցային պայմանների ստեղծումն է բժշկության զարգացումը: Ոլորտում ստվերը շատ է, այն պետք է բերել լեգալ դաշտ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուին հորդորելով կտրուկ մեծացնել 2017 թ. համար վճարովի ծառայությունների պլանը:

Վարչապետն անդրադարձել է նաև կրթական համակարգի բարեփոխման հարցին՝ կարևորելով ոլորտում թե´ կադրային, թե´ շենքային օպտիմալացումը: «Մենք ունենք համայնքներ, որտեղ դպրոցները թերբեռնված են, հաստատուն ծախսերը շատ են: Այդ դպրոցները միավորելով և´ հաստատուն ծախսը կնվազեցնենք, և´ ձեր տնտեսած միջոցների հաշվին այն համայնքներում, որտեղ ուսուցիչ չի գնում, վարձավճարի համակարգը որոշակի բոնուս կունենա: Այն միջոցները, որոնք արդյունավետ կառավարման մեջ տնտեսում եք, մի մասն ուղղեք այդ նպատակին», – նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև մարզում բիզնես միջավայրի ընդհանուր վիճակի, ձեռնարկությունների քանակի, գործունեության ոլորտների, զբաղվածության մակարդակի, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները ներկայացրել են զարգացմանը վերաբերող առաջարկություններ: Աբովյանի քաղաքապետը, մասնավորապես, առանձնացրել է Աբովյանը խելացի քաղաք և ՏՏ ոլորտում ազատականացված գոտի դարձնելու ծրագրերը, որոնք այժմ մշակվում են և համապատասխան ընթացակարգերից հետո կներկայացվեն կառավարություն: Ողջունելով գաղափարը՝ վարչապետը կարևորել է Աբովյանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և թվայնացումը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Իսկ Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք վերաբերում են արևային կայանների և ջերմոցների ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կաշվե իրերի արտադրության հիմնմանը, ինտենսիվ կաթիլային համակարգով ոռոգվող այգիների ստեղծմանը, արդեն գործող բիզնեսների ընդլայնմանը և այլն: Կարեն Կարապետյանը ողջունել է հնչած գաղափարները՝ առաջարկելով դրանք ձևակերպել բիզնես տրամաբանությամբ և ներկայացնել կառավարության քննարկմանը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12