Քայլեր կձեռնարկվեն ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու համար
Կառավարության նիստի ընթացքում վարչապետի հերթական հանձնարականը ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու վերաբերյալ էր: «Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախակի բարձրաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին»,-ասել է գործադիրի ղեկավարը։ ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին 5-օրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների (ներդրողների) կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է 5-օրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին: Հանձնարարվել է նաև ընկերությունների և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին։