Երևանում կանցկացվի «Մեր գյուղը» խորագրով փառատոն
Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու եւ իրացնելու ակնկալիքով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկվեց «Մեր գյուղը» խորագրով փառատոն անցկացնելու առաջարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական եւ մշակութային առանձնահատկություններին եւ նվաճումներին ծանոթացմանն ու փոքր եւ միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացմանը: «Ագրոտուրիզմը զբոսաշրջության ամենազարգացած ուղղություններից է: Գյուղացիների մասին, որպես արտադրողների շատ քիչ մարդիկ գիտեն, իսկ այս նախագիծը կօգնի գյուղացուն իրացնել արտադրանքը լայն շրջանակներում»,-ասաց նա:
Հանդիպմանը քննարկվեց նախագիծն իրագործել 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանում, որի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, փոքր եւ միջին արտադրողները:
«Մեր գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր գյուղը» ՍՊԸ կողմից: