Վախթանգ Միրումյան. ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի շուրջ տնտեսավարողների շրջանում իրազեկման աշխատանքները կարևոր են
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը կարևորում է տնտեսավարողների շրջանում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հարցին, Միրումյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի կարգավորման դաշտը շատ լայն է, ուստի իրազեկման աշխատանքները շատ կարևոր են:
«Բոլոր այլ հարակից իրավական ակտերով նախատեսված կարգավորումները միավորվել են մեկ Մաքսային օրենսգրքում, և դա առաջին հերթին նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հարմարության համար է, որպեսզի նրանք առնչվեն հնարավորինս քիչ փաստաթղթերի հետ: Իրազեկման աշխատանքները մենք սկսել ենք վաղուց: Դա կատարում ենք թե ՊԵԿ ուսումնական կենտրոնում, թե առանձին պարզաբանումների միջոցով հեռուստատեսությամբ, թե մեր կայքում տեղադրում ենք իրազեկման համապատասխան թերթիկներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Նա հավելեց, որ բոլորովին վերջերս իրականացրել են իրազեկման մասշտաբային միջոցառում, որին հրավիրվել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետներ: «Հրավիրել ենք հասարակական կազմակերպությունների, տնտեսավարողների, իրականացրել ենք համապատասխան իրազեկման միջոցառումներ: Մենք շարունակելու ենք իրազեկման աշխատանքները, որոնք ներառելու են այն կարևորագույն դրույթները, որոնք տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է իմանան»,- ընդգծեց Վախթանգ Միրումյանը: