Նոյեմբերին գրանցվել է միջազգային չվերթների ծառայությունների սակագների 8.9% հավելաճ
Հայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով, տրանսպորտինը՝ 1.4%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 8.9% հավելաճով), հանգստի և մշակույթի ծառայություններինը՝ 1.5%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հյուրանոցային ծառայությունների սակագների 7.0% նվազում, իսկ առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-1.6% հավելաճ, այդ թվում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով: