Դավիթ Անանյան. Եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումների նպատակը սոցիալական հատվածին զարկ տալն է
Եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումների նպատակը սոցիալական հատվածին զարկ տալն է
Եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և հանդիսանում է ծրագրի իրական շահառուն: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին: «2014 թ., երբ մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձևավորում, որը կխթանի շինարարության ոլորտը և սոցիալական բաղադրիչ: Երեք տարում կառավարությունը իր դիրքորոշումը մի փոքր փոփոխել է, որովհետև այդ երեք տարիների մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ տվյալ ռեֆորմի սոցիալական բաղադրիչը չի գործել: Համակարգը երեք տարիների ընթացքում բացառապես ֆինանսավորել է գնողունակ հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անանյանը:
Նա պարզաբանեց, որ կառավարությունը, ծրագրում սահմանափակումներ մտցնելով, փոխում է նպատակադրումը: «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետև հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը և զարկ տալ սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնենք, ոչ թե գնողունակ հատվածին»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Առաջարկվում է նաև սահմանել, որ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։