Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները
Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով 2017 թվականին մեկնարկեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերամշակող ընկերություններին տրամադրվում էր 3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ վարկ՝ 1 տարի մարման ժամկետով:
Վարկը տրամադրվում էր վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանում էր գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել էր տվյալ կազմակերպությունը:
2018 թվականին ընկերությունները նույն ծրագրի շրջանակում արդեն կարող են ստանալ մինչև 1 մլրդ դրամ: Վարկի տրամադրման պայմաններն անփոփոխ են:
Ծրագրից օգտվողներից մեկը «Արմենիա Վայն» ընկերությունն է: Հաջողված քայլի մասին է պատմում «Արմենիա Վայն»-ի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը :
Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկեց նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսություններին տրամադրվում են 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր՝ 5 տարի մարման ժամկետով: Վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն, իսկ առավելագույնը՝ 10 մլն դրամ է:
Ծրագրի հարյուրավոր շահառուներից մեկը Կոտայքի մարզում բնակվող ֆերմեր Էդիկ Բաբախանյանն է, ով, ստանալով 3 մլն դրամ վարկ, ընդլայնել է տնտեսությունը:
2017 թվականին մեկնարկեց նաև «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունը գերհզոր տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է: