
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության կայքից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի մակրոտնտեսական կայունության, պետական պարտքի կառավարման մեխանիզմների, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի հետ կապված հարցեր:
Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք է ստեղծում արդյունավետ և հեռանկարային ծրագրերի իրականացման համար:
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է երկու կողմերի միջև փորձի փոխանակումը, մասնավորապես` ֆինանսական կառավարման մշակույթի և կարողությունների համատեքստում:
Մերսի Տեմբոնն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները նոր հնարավորություններ կստեղծեն առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: