Պաշտոնական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-2.35 WTI - 56.74-2.81
COMEX:  GOLD - 4529.10+0.60 SILVER - 76.49+3.09
COMEX:  PLATINUM - 2471.40+2.87
LME:  ALUMINIUM - 2960.50+0.00 COPPER - 12162.50+0.00
LME:  NICKEL - 15786.00+0.00 TIN - 42815.00+0.00
LME:  LEAD - 1994.50+0.00 ZINC - 3090.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.52+0.19 EUR/GBP - 1.1771-0.11
FOREX:  EUR/USD - 1.1771-0.11 GBP/USD - 1.3495-0.07
STOCKS RUS:  RTSI - 1117.04+1.75
STOCKS US: DOW JONES - 48710.97-0.04 NASDAQ - 23593.10-0.09
STOCKS US: S&P 500 - 6929.94-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 50750.39+0.68 TOPIX - 3423.06+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25818.93+0.00 SSEC - 3963.68+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68+0.00 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
26/12/2025  CBA:  USD - 381.47-0.04 GBP - 514.56-1.05
26/12/2025  CBA:  EURO - 449.14-0.89
26/12/2025  CBA:  GOLD - 54570-6 SILVER - 885.25-0.1
Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է. վարչապետը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ
31/08/2018 10:13
Կիսվել

Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է. վարչապետը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների արտադրությունը: Այս հանդիպումով և սրանից բխող հետագա մշտական երկխոսությամբ ուզում ենք իմանալ, թե ինչպես եք դուք պատկերացնում կառավարության և ոլորտի համագործակցությունը. ի՞նչ պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն համագործակցող հարաբերություններ, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք ընդհանուր նպատակներ ձևակերպել և նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք ուզում ենք ՀՀ-ում առաջ մղել:

Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, և տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում: Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, և սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, և մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհ: Բնականաբար, այս առումով շատ կարևորում ենք նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Շատ կարևորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որևէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական և գործարար ընդունակությունների և աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում:

Ավելի պրակտիկ առումով՝ մենք հիմա արդեն մտնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շատ գործնական և պրակտիկ փուլ. կուզենայինք լսել ձեր ակնկալիքներն այդ փոփոխություններից և նաև որոշ գաղափարներ, երբ կկիսվենք, կիմանանք ձեր տեսակետներն այդ գաղափարների վերաբերյալ: Շատ կարևորում եմ, որ ունենանք կառավարության և ոլորտի հաղորդակցության մշտական ուղիներ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը պրոբլեմների քննարկման իմաստով լսելի լինի, իրեն համարի լսելի, որ ուրիշների հետ հավասար պայմաններում է և հավասար դաշտում է աշխատում:

Մեր կառավարության դիրքորոշումը և մոտեցումը հետևյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարևոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետևյալ ուղերձը. որևէ բիզնես, որևէ գործարար, որևէ ընկերություն ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որևէ ընկերություն չի կարող կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որևէ ձևի հարաբերություն ունենալ պետական որևէ մարմնի հետ, և ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետևաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք և դրա ադյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետևյալն է ՝ «Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»:

Թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են, մասնավորապես, ոլորտում հարկային արտոնությունների տրամադրմանը, ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, մասնագետների ուսուցմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա և առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաև արձանագրենք, որ ընդհանուր բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որևէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի և երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհներն, օրինակ, կարողանանք նորոգել»: Վարչապետն ընդգծել է, որ որևէ առաջարկ չի անտեսվելու, առանց քննարկման չի մերժվելու կամ ընդունվելու:

Մասնագետների պատրաստման և առկա պահանջարկի բավարարման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջին մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների հզորացումը: Վարչապետը նշել է, որ կան ուսումնարաններ, որոնք չեն գործում՝ կադրային, ֆինանսավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով, և որ ինքն արդեն հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ սեղմ ժամկետում ներկայացնել դրանց զարգացման վերաբերյալ ծրագիր և ֆինանսական միջոցներն ուղղել հենց այդ նպատակին:

Վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից: «Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, և ես խմնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձևավորել և գովազդել տեղական արտադրանքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը և քաղաքականությունը», – նշել է կառավարության ղեկավարը:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև թեթև արդյունաբերության ոլորտի ասոցիացիայի ստեղծմանը: Ոլորտի ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ գործընթացն արդեն մեկնարկել է, և հնարավորինս շուտ այս բնագավառը ներկայացնող ասոցիացիան կձևավորվի: Վարչապետը ողջունել է գաղափարը՝ նշելով, որ ասոցիացիայի ստեղծմամբ համագործակցության արդյունավետ հարթակ կձևավորվի, որը կհեշտացնի կառավարության շփումը ոլորտի ձեռնարկությունների հետ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում արտադրությունը խթանենք, և տեքստիլը, թեթև արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը մեզ համար առաջնահերթություն են: Ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն-արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ այն առումով, որ այնպես չէ, որ կառավարությունն ուզում է այսպես ասած, հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի: Իսկապես պետք է լինի գործընկերություն, և պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաև հարկ վճարողները համոզված լինեն, որ իրենց վճարած ամեն լուման, ամեն դրամը ոչ թե մսխվում է, թալանվում է, փոշիացվում է, այլ ռեալ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների և բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաև ձեր գործունեությանը: Այսինքն՝ մեր ուզածն այն է, որ ամեն հարկ վճարող ամեն դրամ հարկ վճարելիս այն ըմբռնումն ունենա, որ ինքն իր գործունեության մեջ ներդրում է անում, որովհետև առանց ճանապարհների, հաղորդակցության ուղիների, օրինականության, անվտանգության որևէ գործունեություն հնարավոր չէ, և մեր խնդիրն է՝ ընդհանուր առմամբ հնարավորինս շուտ այս մտածողությունը փոխել: Ուզում եմ ձեզ և մեզ հաջողություն մաղթել մեր երկրի տնտեսությունը, մեր երկիրը բարեկեցիկ և աղքատությունից զերծ և զարգացած ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհին»:

26/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.04
Եվրո (EUR)
449.14
-0.89
Ռուբլի (RUR)
4.9007
+0.0089
Լարի (GEL)
141.58
+0.02
54570
-6
Արծաթ
885.25
-0.1